Քիմ Քարդաշյանը վերջապես հասավ Հայաստան, էդ մի դարդից էլ պրծանք: Ամերիկյան հեռուսաալիքներին իր հայկական ծագման մասին շեփորած հեռուստաաստղը ոչ մի բառ չփոխանակեց իրեն դիմավորող հարյուրավոր լրագրողների հետ ու շտապեց «Մարիոթ» հյուրանոցի իր վարձած տարածքը: Ճիշտ է, Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը իր համար PR նպատակ ունի, բայց այն նաեւ հրաշալի առիթ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համաշխարհային մամուլում ներկայացնելու եւ Հայաստան՝ արտերկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:
Եթե անգամ նրան ընդունեն ամենաբարձր մակարդակով, հաստատ դրանում վատ բան փնտրել չարժի, քանի որ մեծ աշխատակազմի հետ Երեւան եկած Քարդաշյանն իր PR-ով ակամայից Հայաստանի PR-ն էլ է անելու: Իհարկե կլինեն փարիսեցիներ, որ կքննարկեն նրա բարոյական կերպարը, վուլգար հագուկապը, ցածր IQ-ն, բայց այնպես չէ, որ Հայաստանում բոլորը Մաքիավելի են կամ Պլատոն:
Սերժ Կանայան