Կոմկուսի ամբողջատիրության, ժողովրդավարության բացակայության եւ վարչահրամայական կառավարման պայմաններում 1930-ական թթ․ ԽՍՀՄ-ում
իրականացվեցին մասսայական բռնաճնշումներ, որոնց զոհ գնացին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ստալինի ու նրա կամակատար շրջապատի համար իշխանությունը պահելը դարձավ կյանքի ու մահվան հարց։

Բոլշեւիկները ձեռնարկեցին բոլոր կարելի ու անկարելի միջոցները՝ առաջին հերթին իրենց համար անցանկալի մարդկանց ու կադրերին շարքից հանելու ու ֆիզիկապես վերացնելու նպատակով։ Այդ գործին էին լծվել ներքգործժողկոմատը, դատախազությունը, դատարանը, արտադատարանական մարմինները, գործակալական-լրտեսական ցանցը, տարբեր կոմիտեներ ու հանձնաժողովներ։

 

 

Երկրում ծանր էր քաղաքական ու բարոյահոգեբանական իրավիճակը։ Մարդիկ առավոտյան արթնանում էին եւ շտապում տեղեկանալ, թե գիշերը ում են տնից տարել։ Վախն ու կասկածը տիրել էր բոլորին։ Մատնություններն ու ջերբակալությունները ստացել էին համատարած բնույթ։ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) տվյալներով՝ 1930-1953 թթ․ տարբեր շինծու մեղադրանքներով դատական ու արտադատական մարմինների կողմից ԽՍՀՄ-ում դատավճիռներ ու որոշումներ են կայացվել 3 միլիոն 778 հազար 234 մարդու նկատմամբ, որոնցից 786,098-ը գնդակահարվել է։

Հիշյալ շրջանում Հայաստանում ապրում եւ հազարավոր ճակատագրեր էր խեղում մարդանման հրեշներից մեկը՝ Խաչիկ Աստվածատուրովը, նույն ինքը՝ Խաչիկ Մուղդուսին, որը 1934 հուլիս-1937 սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է ներքին գործերի ժողկոմի պաշտոնը։ Ո՞վ էր այս մարդակերպ գազանը, ինչպե՞ս էր արժանացել Ստալինի ու Բերիայի վստահությանն ու հասել պետական բարձր պաշտոնների։ Փորձենք կցկտուր տեղեկություններն ի մի բերելով շարադրել հայազգի թալեաթի կենսագրությունը։

 

 

Խաչիկ Խլղաթի Մուղդուսին ծնվել է 1893 թ․Երեւանի նահանգի Նախիջեւան քաղաքում՝ դերձակի ընտանիքում։ 1910-ին հաճախել է ծննդավայրի ծխական դպրոցը, իսկ չորս տարի անց՝ Նախիջեւանի քաղաքային ուսումնարանը։ 1915-ին խուսափելով զինվորական ծառայությունից՝ մեկնել է Ռոստով, սովորել հաշվապահություն եւ ավելի քան մեկ տարի աշխատել «Աստորիա» հյուրանոցում՝ որպես հաշվապահ։ 1916-ի փետրվարին, որպես մեքենագիր, աշխատանքի է անցել նոտարական գրասենյակում, ուր աշխատել է ուղիղ մեկ տարի։ 1917-ի մայիսին զորակոչվել է ռուսական բանակ, ուր ծառայել է մինչեւ հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 հոկտ․ 25)։ Հինգ ամիս անփող ու սոված թափառել է Ռոստովի փողոցներում, այնուհետեւ հեռացել Հյուսիսային Կովկաս՝ Պյատիգորսկ, ուր
հիվանդության պատրվակով յոթ ամիս խուսափել է հակամարտ կողմերի զինված ուժերում հայտնվելուց։ Ռուսաստանում ընթանում էին քաղաքացիական կռիվներ․․․

Հետագայում ստացվում է այնպես, որ Մուղդուսին մեկ հայտնվում է սպիտակների, մեկ՝ կարմիրների բանակում եւ նրա համար տարբերություն չկար, թե ով ում դեմ է կռվում, ով ումից ինչ է պահանջում։ Երբ կարմիրները գրավում են Պյատիգորսկը՝ նա ծառայության անցնելով 11-րդ կարմիր բանակում՝ զբաղեցնում է ռազմաճակատային արտակարգ հանձնաժողովի գործավարի օգնականի պաշտոնը։ Հետո կրկին նրան հետապնդում են անհաջողությունները։ Կարմիրները պարտվելով՝ թողնում են Պյատիգորսկը, իսկ Խաչիկը մնում է քաղաքում՝ բարեկամների մոտ։ Հետագայում հորինում է այն առասպելը, թե իբր նահանջն այնքան անկազմակերպ է եղել, որ ինքը դրանից անտեղյակ լինելով չի հասցրել հեռանալ եւ հրաշքով փրկվել է մահից։

 

 

1919-1920 թթ․ անգործ Մուղդուսին մեկ հայտնվում է Ռոստովում, մեկ՝ Գեորգիեւսկում։ Այս ընթացքում նա իրեն ներկայացնում է հայ գաղթական, օգտվում տարբեր կազմակերպությունների ծառայություններից, ապա չգիտես որտեղից եւ ում օգնությամբ ձեռք է բերում պարսկական անձնագիր, սակայն դա չի փրկում նրան կրկին բանակում հայտնվելուց։ Սպիտակ բանակում կռվում է բոլշեւիկների դեմ, ապա փախչում Հյուսիսային Կովկաս, փորձում թաքնվել, սակայն ձերբակալվում է սպիտակների կողմից եւ կանգնում ռազմական ատյանի առջեւ։ Գնդակահարությունից ու բանտարկությունից փրկվում է ազգականների ջանքերի արդյունքում, ապա որոշ ժամանակ մնում Գերոգիեւսկում, բոլշեւիկներին մատուցում գաղտնի ծառայություններ՝ ավելի ստույգ մատնում սպիտակների հետ համագործակցած ու բոլորովին անմեղ բազմաթիվ մարդկանց՝ ձգտելով արժանանալ հին ու նոր տերերի բարեհաճ վերաբերմունքին, աշխատանք ձեռք բերել եւ, ամենակարեւորը, վեր բարձրանալ՝ տրորելով իր ճանապարհին կանգնած բոլոր հնարավոր հակառակորդներին։

 

 

Կարմիրները, գնահատելով նրա ծառայությունները, Գեորգիեւսկի կաշվի գործարանում աշխատանքի են ընդունում վարիչի տեղակալի պաշտոնով։ 1920-ի ամռանը, երբ ռուս-քեմալական դաշինքը գործողության մեջ էր եւ սպառնում էր ոչնչացնել Հայաստանի հանրապետությունը՝ Մուղդուսուն ուղարկում են հայրենիք, որտեղ բոլշեւիկները նրա նմանների կարիքը շատ էին զգում։ Սեպտեմբերին Մուղդուսին արդեն Երեւանում էր, իսկ երբ սկսվում է հայ-թուրքական պատերազմը՝ նա ծառայության է անցնում Քանաքեռի 10-րդ հեծյալ գնդում՝ որպես գրագիր։

Հայաստանի խորհրդայնացումից հետո հայոց բանակի գրագիրը սահուն անցում է կատարում դեպի Էջմիածնի Հատուկ հանձնաժողով (ՉԵԿԱ), ուր դրսեւորում է իր գազանային բնազդը՝ թալանելով, հաշվառելով ու տառապանքների ենթարկելով «ժողովրդի թշնամիներին»։ Ամբողջ շրջանը դողում էր Մուղդուսու ու նրա նմանակների անօրինակ բռնություններից։

1921-ի փետրվարյան ապստամբության օրերին Աստվածատուրովը չհասցրեց փախչել եւ ձերբակալվեց ՀՓԿ-ի (Հայրենիքի Փրկության կոմիտե) կողմից։ Նրան բանտ նետեցին, սակայն, այս անգամ էլ սողունը փրկվեց արժանի պատժից։ Բանտերում հայրենասերներին կացնահարողներից մեկը փրկվեց մահապատժից, որովհետեւ․․․ հայրենի իշխանությունները որոշեցին բարեհոգի գտնվել ու բոլշեւիկների գազանությունների բաժնեկիցը չդառնալ։

1921-ի ապրիլի 2-ին կարմիրները մտան Երեւան եւ բանտից ազատված Մուղդուսին նրանց ներկայացավ որպես գաղափարական մարտիկ, թեեւ բանտարկության ժամանակ բազմաթիվ բոլշեւիկների էր մատնել նոր իշխանություններին։ Հետագայում դրանց պետք է արագ վերացներ՝ ավելորդ գլխացավանքից ազատվելու համար։ Խորհրդային իշխանությունն այս անգամ էլ հոգեհարազատ զավակին գործուղեց Էջմիածին, ուր կարճ ժամանակում հասավ Չեկայի պետի պաշտոնին։ 1923-ին վեց ամսով մեկնեց Մոսկվա, վերապատրաստվեց ու կրկին վերադարձավ Հայաստան՝ կրկնապատկելու ու բազմապատկելու մարդկանց տառապանքները։ Նա ստեղծեց մատնությունների, սադրանքների, խոշտանգումների ու դավադրությունների գործուն համակարգ։

 

 

1929-ին Մուղդուսուն տեղափոխում են Թիֆլիս, նշանակում Անդրկովկասի պետքաղվարչության հակահետախուզության եւ արտասահմանյան բաժնի պետի պաշտոնում։ Երկու տարի անց նա կրկին Հայաստանում էր։ 1934 հուլիս - 1937 սեպտեմբեր ամիսներին զբաղեցնում է հանրապետության ներքին գործերի ժողկոմի պաշտոնը։ Հայտնի է, որ միայն 1937 թ․ օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ընկած ժամանակամիջոցում Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն թվի սեպտեմբերին, Ստալինի հրամանով, ձերբակալվում է նաեւ Մուղդուսին, հայտարարվում ժողովրդի թշնամի եւ գնդակահարվում։ «Ժողովուրդների հայրը» հավանաբար ցանկանում էր դրանով ցույց տալ, թե ինքը տեղյակ չի եղել մուղդուսիների անօրինականություններից․․․ Հետագա տարիներին Հայաստանում բռնությունները ոչ միայն չդադարեցին, այլեւ շարունակվեցին նոր ուժգնությամբ։

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ