ՌԴ- նկատմամբ ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում ինչպես գիտենք մի շարք եվրոպական երկրներ տուժեցին, ունեցան լուրջ տնտեսական կորուստներ։ Այս ամենով հանդերձ ՌԴ-ԵՄ հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ բանակցային լեզվին փոխարինում է պատժամիջոցների գործելաոճը։ Նման պայմաններում Ռուսաստանին միանշանակ միջնորդ է պետք ԵՄ երկրների հետ բանակցային հարթություն ստեղծելու համար, նույնը պետք է նաև ԵՄ-ին։


Այն, որ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ շարունակում է ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության քննարկումները ձեռնտու է նաև ՌԴ-ին, քանզի վերջինս այսօր փաստացի որևէ միջնորդ երկիր չունի ԵՄ-ի հետ հարաբերություններում։


Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը ձեռնտու է ՌԴ-ին նաև մեկ էլ պատճառով՝ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը, սակայն ՌԴ-ի հետ ԵՄ անդամ երկրներից և ոչ մեկը ներկա փուլում բանակցային գործընթացի մեջ չի մտնի՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ չփչացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ։


Հայաստանի համար ստղեծվել է աննախադեպ հնարավորություն դառնալ կապող օղակ ՌԴ-ի և ԵՄ-ի միջև, ինչը ձեռնտու է նաև Հայաստանին, իսկ թե ինչպես կօգտագործվի այդ պարարտ հողը ՀՀ-ի կողմից, կախված է առաջին հերթին մեր դիվանագիտական հմտություններից։

 

 

Անի Հովհաննիսյան