Երբևէ պատրաստե՞լ եք մեծ կաթսայի մեջ սպանախով կամ սունկով ապուր, և եթե այո, բնականաբար այն ամբողջությամբ չեք կարողացել ուտել և մնացածն էլ թողել եք հաջորդ օրվա համար: Իսկ հաջորդ օրը այն պարզապես նորից տաքացրել եք՝ համարելով այն պատրաստ ուտելու համար, առանց գիտակցելու, որ դա հակացուցված է ձեզ համար: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում այդպես անել.


Բոլորս էլ շատ հաճախ ապուր ենք պատրաստում մի քանի օրվա համար և պարբերաբար այն տաքացնում: Այնուամենայնիվ, որոշ սննդամթերքներ փոխում են իրենց բաղադրությունն ու կորցնում սննդարարությունը, երբեմն էլ նույնիսկ թունավոր են դառնում: Ձեզ եմ ներկայացնում այդ սննդամթերքների ցանկը.


Սունկ


Սունկ պատրաստելիս լավագույն տարբերակը այն եփելուց հետո անմիջապես ուտելն է, իսկ եթե մնում է նաև հաջորդ օրվա համար, ապա ավելի լավ է այն ուտել սառը վիճակում: Սա վերաբերվում է ապուրներին, ինչպես նաև ռիսոտո կերակրատեսակին, որը նույնպես սնկով է պատրաստվում: Երբ երկրորդ անգամ ենք տաքացնում սունկը, տեղի է ունենում սպիտակուցների կազմի փոփոխություն, արդյունքում նույնիսկ փոխվում է սննդի համը: Այդ դեպքում այն կարող է առաջացնել մարսողական լուրջ խնդիրներ և կորցնել առողջությանը նպաստող օգտակարությունը:


Հավի միս


Ինչպես սնկի դեպքում, այպես էլ մսի դեպքում նորից տաքացնելու ժամանակ տեղի է ունենում սպիտակուցների փոփոխություն: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում այն տաքացնել բարձր ջերմաստիճանում. խոսքը վերաբերվում է հիմնականում հավի մսին, որն ավելի շատ սպիտակուցներ է պարունակում քան կարմիր միսը: Եթե տաքացնում եք, ապա գոնե տաքացրեք ցածր ջերմաստիճանով և ավելի երկար ժամանակ:


Կարտոֆիլ


Կարտոֆիլն ունի բարձր սննդայնություն, այն չի թույլատրվում տաքացնել, որովհետև այդպես այն կորցնում է իր հատկություններն ու նույնիսկ թունավոր դառնում: Կերեք այն պատրաստելուց անմիջապես հետո կամ սառը վիճակում: Այն ունի օսլայի բարձր տոկոսայնություն, որն ապահովում է երկարատև հագեցվածություն: Եթե մի քանի օրվա համար շոգեխաշած մսով ապուր եք պատրաստում, ապա կարտոֆիլը միանգամից մի գցեք, այլ ամեն անգամ քիչ-քիչ ավելացրեք:


Սպանախ


Սպանախն ունի նիտրատների բարձր տոկոսայնություն, որոնք տաքացնելու արդյունքում վերածվում են նիտրիտների: Դրանք պոտենցիալ քաղցկեղածին են համարվում մարդու օրգանիզմի համար, ուստի միայն թարմ սպանախ կերեք. պատրաստելուց անմիջապես հետո:


Ճակնդեղ


Սպանախի նման ճակնդեղն էլ նիտրատներ է պարունակում, որոնք տաքացնելու արդյունքում վնասակար են դառնում: Սա չի նշանակում, որ չեք կարող ուտել այս սնունդը, այլ նշանակում է՝ պետք չէ այն նորից ու նորից տաքացնել:


Նեխուր


Նեխուրը, որը շատ է օգտագործվում ապուրների մեջ, եփելուց հետո պետք է հեռացնել գազարի հետ միասին, և ուտել միայն նոր պատրաստած ժամանակ: Այն նույնպես պարունակում է նիտրատներ: Սակայն ապուրը կարող եք նորից տաքացնել, եթե նեխուրն ու գազարը հանել եք միջից:

 

Ձու


Ձուն տաքացնելը նույպես շատ ռիսկային է, քանի որ այն նույնպես թունավոր է դառնում բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ: Սա չի վերաբերվում այն ուտեստներին, որտեղ ձուն օգտագործվում է ապուրների մեջ (բեշամել), այլ վերաբերվում է այն ուտեստներին, որոնց բաղադրության մեջ մտնում է խաշած կամ տապակած ձու:

 

 


Վրեժ Հովսեփյան