Հայտնի գերմանացի գրող Արմին Թ. Վեգները 1915-1917 թթ․ ծառայելիս է եղել Իրաքում, Ֆոն դեր Գոլց փաշայի բանակում, որպես գերմանա­կան թերթերի թղթակից եւ սանիտարական սպա։ Նա ականատես է եղել Մեծ եղեռնին, տեսել է հայ տարագիրների քարավանները՝ անդարձ ճանապարհ կտրելիս և նկարահանել մոտ 2000 «տեսարան»։ 1918 թվականին նա զորացրվել է և վերադարձել Բեռլին։ 1919 թվականի հունվարին նա գրում եւ առանձին գրքույկով հրատարակում է իր «Բաց նամակը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին»։ Այդ նամակը շուտով լույս է տեսնում "Berliner Tageblatt"օրաթերթում, որից ամբողջությամբ կամ հատվածաբար ար­տատպում են բոլոր գերմանական ու շվեյցարական թերթերը, ապա այն թարգմանվում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, հոլանդե­րեն, հայերեն և այլ լեզուներով։

1919 թվականի գարնանը Արմին Վեգները Բեռլինի «Ուրանիա» թատրոնում պետք է դասախոսություն կարդար՝ «Հայ ժողովրդի տարագրումը Միջագետքի անապատները» թեմայով եւ ցուցադրեր իր կող­մից լուսանկարված Մեծ եղեռնի քստմնելի ու զարհուրելի տեսարաններն ու պատկերները։

 

 

Թուրքիայի դեսպանատունը Բեռլինում, իմանալով Արմին Վեգների կազմակերպելիք դասախոսության մասին, նախապես հրահանգում է թուրք երիտասարդներին խանգարելու այն։ Վերջիններիս և նրանց գերմանացի բարեկամներին հաջողվում է ձեռք բերել մուտքի հարյուր տոմս։ Ծայրից-ծայր լցված թատրոնում հնչում է Արմին Վեգների ելույթը եւ նա հավաստիացնում է ունկն­դիրներին, թե պատմելու է միայն այն, ինչ տեսել է, տեսածն էլ վավերացնելու է ցուցադրվող լուսանկարներով, որ ինքն ան­ձամբ է նկարել։ Այս նախաբանից հետո, նա ցուցադրում է օսմանյան տերության քարտեզը, որի վրա ընդգծված էին այն վայրերը, որտեղից արտաքսել էին հայ բնակիչ­ներին՝ ճանապարհին շատերին կոտորելով ու առեւանգելով, իսկ մնացածին տարագրել Միջագետքի անապատները՝ ի սով և ի մահ... Իրար հետևից լուսապաստառի վրա ցուցադրվում էին եղեռնի զարհուրելի տեսարանները, բազմաթիվ նկարներ՝ մեկը մյուսից քստմնելի, մահասարսուռ...

 

 

Հանկարծ ահռելի աղմուկ բարձրացավ թատրոնում, թուրքերն ու թուրքասերները հայհոյում էին ու վարկաբեկում Վեգներին՝ ստախոս ան­վանելով, հայերի կողմից կաշառված, գերման-թուրքական բարեկամության թշնամի ու դավաճան։ Հայերն ու մնացած գերմանացի­ներն աշխատում էին հակադրվել դրանց ու պաշտպան կանգնել հումանիստ քաղաքացուն և տաղանդավոր գրողին։ Կրքերը խիստ բորբոքվել էին, հայհոյանքր վերջ չու­ներ, աղմկարարները չէին հանգստանում․․. Մանավանդ ակտիվ էր իր ճիչ ու աղաղակնե­րով պրոֆ. Յ. Մարկվարտի օթյակում բազմած մի թուրք երիտասարդ, որն անընդհատ հայհոյում էր թե' Արմին Հեգներին և թե՛ «դավաճան» հայերին, իսկ ցու­ցադրված նկարները համարում էր հայերի կողմից կոտորված թուրք խաղաղ բնակչու­թյան դիակներ։

Մեկ էլ թատրոնում լսվեց աշխարհահռչակ գերմանացի արևելագետ, հայագետ պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտի սաստող ձայնը, որին հետեւեց մի շռնդալից ապտակ։ Ապտակողը պրոֆեսորն էր: Այդ ապտակն ասես մի ազդանշան էր. թատրոնում սկսվեց մի կատարյալ տու­րուդմբոց... Վրա հասավ ոստիկանությունը՝ կարգ հաստատելու։ Շտապեցի հուզված պրոֆեսորիս օթյակը։ Մի երկու րոպե անց, թուրք երիտասարդի ուղեկցությամբ, օթյակը մտավ ոստիկանության լեյտենանտը:
- Ես թուրք դեսպանի որդին եմ, ձերբակալեցե՛ք այս գռեհիկ հային,-ասաց երիտասարդը՝ ակնարկելով պրոֆեսորին։

 


- Ես Բեռլինի համալսարանի օրդինար պրոֆեսոր Յոզեֆ Մարկվարտն եմ. կալանավորեցե՛ք այս խուլիգանին։

- Հետեւեցե՛ք ինձ, պարոն,-հրամայեց լեյտենանտը թուրք երիտասարդին։ Հասարակության պահանջով, խանգարիչ­ները վտարվեցին թատրոնից եւ դասախոսությունը շարունակվեց։ Հետևյալ օրը հաշվետվություններ լույս տեսան օրաթերթերում այդ ուշագրավ դասա­խության մասին։ «Այժմ հասկանալի է, թե ի՛նչ սոսկալի պայմաններում էին ապրում հայերը Թուրքիայում, երբ անգամ Բեռլինում թուրքերը ահաբեկում են նրանց»,-գրում էր թղթակիցներից մեկը։
----------------------------

1919 թվականի կեսերին պրոֆ. Մարկվարտին այցելում է միջին տարիքի թխադեմ մի արևելցի, բարեւում է գերմաներեն ու պրոֆեսորի հրավերով տեղ գրավում։ Մարկվարտն, ըստ իր սովորության, մի քանի վայրկյանում սեղանին դարսում է իր հայագիտական ուսումնասիրությունները։ Նա ոգևորված պատմում է այցե­լուին, թե ինչ է գրել և ինչ է գրում, բայց շուտով նկատում է, որ գերմանախոս «հայը» շատ անտարբեր է իր պատմածների նկատմամբ։ Մտածում է, թերևս «հայը» կարևոր գործ ունի հետը․․․ Քիչ անց այցելուն ասում է, որ ինքը մի քանի ձեռագիր է ուզում վաճառել, բայց գրադարանի վարչությունն ուղարկել է ձեռագրերը պրոֆ. Մարկվարտին՝ ի գնահատություն։ Այս խոսքերի վրա մեկնում է պրոֆեսորին հասցեագրված գրադարանի վարչության գրությունը։ Մարկվարտը խնդրում է ցույց տալ ձեռագրերը։ Այցելուն սեղանին է դնում 4 թե 5 ձեռագիր, որոնց մեջ կային հրաշալի մանրանկարներով զարդարված երկու մագա­ղաթյա մատյաններ։

 

 

- Ինչո՜ւ եք վաճառում. բա ' ափսոս չէ՞, դրանք ձեր պապերից մնացած սրբություն­ներ են, ո՞վ գիտե, քանի՞ հարյուր տարի սերնդից-սերունդ են անցել, մինչև հասել են ձեր ձեռքը։ Խորհուրդ եմ տալիս չվաճառել, տարեք տուն, դուք էլ կկտակեք ձեր որդինե­րին, թո՛ղ պապական սեփականությունը ձեր տոհմից դուրս չգա։
- Պրոֆեսո՛ր, ես հայ չեմ. ես թուրք սպա եմ։
- Ապա որտեղի՞ց են ձեր ձեոքն ընկել այս ձեռագրերը,- հանկարծակիի գալով, հարցնում է նա։
- Գիտե՞ք, պրոֆեսոր, երբ մենք գերմա­նական մի վաշտի հետ հարձակվեցինք Վանի մոտերքում մի գյուղաքաղաքի վրա և այնտեղից դուրս քշեցինք ռուսներին ու հայե­րին, զինվորները մտան տեղի վանքը եւ սկսեցին կողոպտել ու ոչնչացնել այն, ինչ չէին կարող իրենց հետ տանել։ Ես նկատեցի գետնին թափթփած բազմաթիվ գրքեր, մի 10 գիրք վերցրի, դրանց մեծ մասն այսպես նկարազարդ էին․․․ Սրանք բերել եմ Բեոլին, ուզում եմ վաճառել եւ ընտանիքիս համար գնումներ կատարել:
- Ուրեմն դուք կողոպտի՞չ եք,- ընդհա­տում է նրան պրոֆեսորը զայրացած,- հայերի հուշարձան­ներն եք կողոպտել, գողացել եւ ուզում եք վաճաոել ու հայերի դժբախտության վրա, ձեզ համար վայելուչ ու բախտավոր կյանք ստեղծե՞լ։ Դուրս կորեք իմ տնից, ավազակ.․․Դո՛ւրս, ան­միջապես հեռացե ՛ք...

 

 

Թուրք սպան ձեռքը մեկնում է, որ ձեոագրերը վերցնի, բայց պրոֆեսորը թույլ չի տալիս, զայրացած կանչում է տնտեսուհուն, որ ոստիկաններ հրավիրի։ Թուրքը տեսնելով, որ միջադեպը խո­րանում է և զայրացած պրոֆեսորից չի կարող վերցնել ձեռագրերը, ընկրկում է և փախչում նրա բնակարանից... Ձեռագրերը մնում են Մարկվարտի մոտ։ Մի երեք շաբաթ անց, նա ձեռագրերն ուղարկում է Վիեննա՝ Մխիթարյանների գրադարան։

Ի դեպ, հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը եւ երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ԹԵՐԹԻԿՆԵՐ ԻՄ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻՑ»
Տես՝ «ԷՋՄԻԱԾԻՆ» ամսագիր, ապրիլ, 1965 թ․

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ