Դիմում եմ իրենց արժանապատիվ համարող ֆեյսբուքցի տղամարդկանց:
Վաղուց եմ ուզում այս մասին խոսել, բայց հետաձգում եմ, հույս փայփայելով, որ գուցե այս անգամ էլ տեսածս վերջինը կլինի, բայց չէ…
Խոսքս արական առաջնային տարբերակում կրող հայհոյազգի ցեղատեսակի պատկանող էակների մասին է: Այն այսպես կոչված տղամարդկանց, ովքեր իրենց չկայացածության մաղձը թափում են ամենուր, ուր թաթները հասնում է: Հայհոյական բառերով արտահայտվելու մասին կարծիքս բնականաբար պարզ է: Ցանկացած ադեկվատ կին դեմ է նման գրառման, կամ մեկնաբանության: Ես ընդունում եմ, երբեմն մարդն ափերից դուրս է գալիս, գրում կոպիտ բաներ, որովհետև բառերը չեն բավարարում: Բայց, երբ կան անհատներ, ում ամեն երկրորդ բառը խայթոց է, հայհոյանք ու կանանց նվաստացում' այդ դեպքում ձե՛զ չեմ հասկանում: Ինչո՞ւ չեք սաստում, ինչո՞ւ չեք բացատրում, որ այս տարածքում նաև ուրիշ կանայք կան, ովքեր տեսնում են այդ գարշանքը: Մի առաջարկ անեմ, գուցե մտքներովդ չի անցել:

 

 

Հասկանում եմ, տղավարի մտածողությունը ձեզ խանգարում է, որ քրֆողին շուտ սաստեք, բայց կարելի է ընդհանուր չատ բացել ու ղժժացեք ինչքան կուզեք, ինչ բառ մտածում եք' գրեք, դա ձեր իրավունքն է: Էլի մաղձաթափ կլինեն, բայց ոչ հասարակության աչքի առաջ: Խնդրում եմ, մեծավարի, ընկերաբար, ոնց կարող եք, մաքրեք ֆեյսբուքի տարածքը հայհոյանքից, կեղտից: Սա զուտ տղայական տարածք չի, որտեղ կարելի է քրֆել, խրխնջալ, թքի շիթ նետել մի կողմ ու դրանով ոչ մեկին չանհանգստացնել:
Անձամբ ես խնդրի լուծման իմ եղանակն ունեմ: Արգելափակում եմ այդ արարածին: Ուղղակի մինչ փակելը գարշանքի թողած հոտն է տհաճ:
Հասկանում եմ, ամեն մի այդպիսի տղուկի հոգում կոտրվածք կա, որը հնարավոր է' կնոջ մեղքով է: Բայց, հարգելիներս, մնացածներս մեղավոր չենք, որ այդպիսի բան է կատարվել, բոլորի կյանքերում էլ բազում հետքեր կան, հետո՞ …
Իքսին հայհոյելով' Իգրեկի վրեժը ՉԻ լուծվում:

 

 

 

 

Ալինա Դերձյան