Այսօր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կառավարությունում կայացավ վարչապետների ակումբի առաջին նիստը:
Նորաստեղծ ակումբի անդրանիկ նիստին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր:
Թեև աշխարհագրական ու այլ օբյեկտիվ պատճառներով բավականին դժվար գործ է մի վայրում հավաքել հանրապետության բոլոր վարչապետներին, սակայն առաջին փորձը կարելի է հաջողված համարել:

 

 

Ասելու համար, թե ինչպիսին կլինի նախաձեռնության իրական արդյունքը, շատ երկար ժամանակ է պահանջվելու, բայց հետաքրքիրն այստեղ գաղափարն է: Մեկտեղել տարբեր ժամանակներում ու տարբեր մարտահրավերների պայմաններում գործած անձանց ու նրանց տարիների աշխատանքային փորձն ու տնտեսության բնագավառի կառավարչական հմտությունները, թերևս, լուրջ կապիտալ է:
Ի դեպ, այս օրինակը կարող են կիրառել նաև տարբեր գերատեսչությունների ու կառույցների ղեկավարները:

 

 

Կարինե Առաքելյան