Բարձր գնահատելով հայ-չինական համագործակցության հռչակագիրը, պետք է նշենք, որ այս հռչակագրով այլևս հաստատում ենք երկու երկրների առավել սերտ ու խորը համագործակցության հեռանկարայնությունը, ինչպես նաև խոստումնալից ապագան:


Հռչակագրում արծարծված երկու կողմերի համար կարևոր հարցերից առանձնացնենք հետևյալը՝ «Կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:


Պետք է նշենք, որ մարդկության դեմ գործած սարսափելի հանցագործություն է Ցեղասպանությունը, իսկ այն ժխտելը ոչ միայն անթույլատրելի ու դատապարտելի է, այլ նաև պարարտ հող է ստեղծում այդ մասշտաբի հանցագործության կրկնվելու համար: Ուստի հռչակագրում նշված այս դրույթը ուղղակի մեսիջ է Թուրքիային, սթափվելու, խելքի գալու համար: Այդ իսկ պատճառով, կարելի է կանխատեսել որ շուտով կտեսնենք Թուրքիայի ջղաձգումները այս առումով:


Այն, որ Թուրքիան Չինաստանի վրա ույգուրական խնդիրը ցեղասպանություն որակելով փորձել է ճնշումներ բանեցնել, փաստ է: Սակայն ի պատասխան դրա, չինական կողմը չի հիշացրել Թուրքիային Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ավելին, նույնիսկ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ուստի այս տեսանկյունից հռչակագրի սույն կետը դատապարտում և պահանջում է չմերժել մարդկության դեմ կատարած հանցագործությունը Հայոց ցեղասպանությունը:


Հիշեցնենք որ ույգուրների հետ կապված հայտնի դեպքերի արդյունքում Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Չինաստանը ցեղասպանություն է իրականացնում ույգուրների նկատմամբ: Ինչ խոսք, սա ցինիզմի ու քաղաքական ակրոբատիկայի ակնհայտ դրսևորում է Էրդողանի կատարմամբ: Ցեղասպանությունից խոսում է մեկը, որի նախնիների թափած արյունը չի չորացել նույնիսկ 100 տարի անց:

 

 

Վահագն Սարոյան