
Երիտասարդ և շատ հարուստ. Forbes-ի ցուցակի 40 տարեկանից ցածր միլիարդատերերը
Forbes-ի 2013թ.-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1.426 անուն կա, որոնք, ինչպես ասված է հանդեսի կայքում, «հարուստներից ամենահարուստն են»:
Այս էլիտայից 29 հոգի դեռ 40 տարեկան չկա, բայց միլիարդատեր է՝ «երիտասարդության և փողի գրավիչ համադրություն»: Նրանց ընդհանուր կարողությունը 119 մլրդ ԱՄՆ դոլար է: Նրանցից 10-ը տեխնոլոգիաների ասպարեզից են, 4-ը՝ Facebook սոցկայքից: Միլիարդատերերի ցուցակում նրանցից 11-ն ԱՄՆ-ից են, 5-ը՝ նորեկներ: Ցուցակում կա իգական սեռի 4 ներկայացուցիչ:
Ցուցակում երիտասարդ միլիարդատերերը «բաշխված են» ըստ իրենց տարիքի: Որոշակի օրինաչափությամբ կարելի է նկատել, որ որքան ավելի տարեց է ցուցակում տեղ գտած անձը, այնքան ավելի մեծ է նրա կարողության չափը:
Ցուցակը բացում է Մարկ Ցուկերբերգի նախկին սենյակակից, Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցը (28տ., 3,8 մլրդ դոլար): 28-ամյա Ցուկերբերգը երկրորդն է՝ 13,3 մլրդ դոլար կարողությամբ:
Առաջատար տասնյակում են 29-ամյա Ալբերտ Ֆոն Թուրն ունդ Թաքսիսը՝ Գերմանիայից (1,5 մլրդ, նա իր կարողությունը ժառանգել է 18 տարեկանում), 30-ամյա Սքոթ Դունկանը (5,1 մլրդ), 30-ամյա Էդուարդո Սավերինը (2,2 մլրդ), 31-ամյա Հուիյան Յանգը (5,7 մլրդ), 32-ամյա Ֆահդ Հարիրին (Լիբանանի նախկին վարաչապետի կրտսեր որդին), 32-ամյա Մարի Բեսնյե Բյուվալոն (1,5 մլրդ), 33-ամյա Շոն Փարքերը (2 մլրդ), Այման Հարիրին (1,35 մլրդ, ևս Լիբանանի նախկին վարչապետի որդին):
37-ամյա թրքուհի Սերա Սաբանջին ունի 1,3 մլրդ դոլար կարողություն և 17-րդն է ցուցակում:
Google համահիմնադիր Սերգեյ Բրինը 39 տարեկան է, ունի 22,8 մլրդ-ի կարողություն: Նույն համակարգի համահիմնադիրներից 39-ամյա Լարի Փեյջը եզրափակում է ցուցակը՝ 23 մլրդ դոլար կարողությամբ: Անցած տարի նրա կարողությունն ավելացել է միանգամից 4 մլրդ-ով:
Աղբյուրը'tert.am: