Մի քանի տարի տևած քննարկումներից հետո 2015 թ. մարտի 19-ի նիստում ՀՀ Կառավարությունն ընդունեց համայնքների խոշորացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկը, ըստ որի մայիսի 17-ին Լոռու մարզի 7, Սյունիքի մարզի 8 և Տավուշի մարզի 7 համայնքներում տեղի կունենան միավորման մասին տեղական հանրաքվեներ:


Տարբեր կարծիքների արժանացած պիլոտային այս ծրագիրն առաջին հերթին նպատակ ունի համայնքների տարալուծված ռեսուրսների միավորմամբ նպաստելու դրանց օգտագործման արդյունավետությանը: Ըստ կատարված ուսումնասիրությունների' մինչև 100 բնակիչ ունեցող համայնքի ռեսուրսների 88 տոկոսը հիմնականում ծախսվում է վարչական ապարատի պահպանման համար, մինչդեռ խոշորացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել կրկնվող մի շարք ծախսեր, այլև առավել արդյունավետությամբ օգտագործել պետական բյուջեի կողմից տրամադրվող դոտացիաները: Վարչական ծախսերի կրճատման արդյունքում համայնքները հնարավորություն կունենան սեփական ազատված ռեսուրսներն ուղղել առաջնահերթ խնդիրների լուծմանը:


Կառավարման արդյունավետության տեսանկյունից կարևոր է նաև, որ, ըստ ծրագրի, միավորվող համայնքների միջև առավելագույնը հեռավորություն պետք է լինի 20 կմ: Սրանից բացի, յուրաքանչյուր համայնքում կգործեն վարչական ներկայացուցիչներ, ովքեր կներկայացվեն գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից և կկարգավորեն տվյալ գյուղին առնչվող մի շարք հարցեր' տեղեկանքների տրամադրում, թույլտվություններ և այլն: Այսպիսով բնակիչները կազատվեն նման հարցերով վարչական կենտրոն գնալու անհրաժեշտությունից: Կառավարման գործընթացներում գյուղերի մասնակցությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գյուղից մեկ ներկայացուցիչ անպայման ընդգրկված կլինի համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամները կընտրվեն ըստ բնակչության թվի: Սա, անշուշտ, կնպաստի, որպեսզի համայնքում ընդունվող որոշումներում ներկայացված լինեն բոլոր գյուղերի շահերը:
Ի վերջո, այս ծրագրի հիմնաքարը բնակչության համաձայնությունն է, առանց որի այն կյանքի չի կոչվի: Իսկ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն թե իշխանության ապակենտրոնացման, թե կառավարման ու ռեսուրսների օգտագործման արդյունավետության տեսանկյունից:

 

 

 

Անահիտ Գրիգորյան