«Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ Դվինի պեղումները (10 մլն դրամ) և Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

 

 


Շարունակվել է համագործակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև, որն իրականացվում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, մեկնարկել են Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները: Սկսվել է Երևանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ¬խարհային ժառանգության նախնական ցանկում): Այս մասին հայտնել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը' վարչապետ Հովիկ Աբրահամյանին նախարարության 2014 թ.-ի գործոնեության հաշվետվությունը ներկայացնելիս:

 

 

 

Մանե Զաքարյան