2014թ-ին Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով կառավարության որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը», համաձայն որի՝ արգելվում է Արարատյան դաշտավայրում նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում ջրօգտագործումը պետք է հասցվի 1/3 չափի:
Այդ ընթացքում Արարատի և Արմավիրի մարզերի համապատասխանաբար 57 և 89 համայնքներում իրականացվել է հորատանցքերի հաշվառում, 2014 թ. հուլիսի 16-ից մինչև տարեվերջ լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23 632.8 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 745.3 մլն խմ:

 

 


Առաջիկայում աշխատանքներ են տարվելու համայնքային նշանակության և ջրօգտագործող ընկերություններին պատկանող հորատանցքերի ուղղությամբ: Այս մասին զեկուցել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը' վարչապետ Հովիկ Աբրահամյանին նախարարության 2014 թ.-ի գործոնեության հաշվետվությունը ներկայացնելիս:
Անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արամայիս Գրիգորյանի ուշադրությունը հրավիրել է ապօրինի ծառահատումների խնդրի վրա և հանձնարարել, որ նախարարն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի խնդիրը և պարբերաբար զեկուցի վարչապետին:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ապօրինի շահագործվող հորատանցքերի բացահայտման աշխատանքների շարունակումը, ապօրինի ջրօգտագործողների, ինչպես նաև պոչամբարների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը:

 

 

 

Անահիտ Գրիգորյան