Ի. Ստալինի փառաբանող պատկերը կերտելու պահանջին Մարտիրոս Սարյանը պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը: 1937 թվականին, պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին' որպես «ժողովրդի թշնամի»: Այդ դիմանկարներից փրկվում է միայն մեկը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները: Դա բանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարն է (1923):

ՍԱՐՅԱՆԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

 

 

«Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանիշ… Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում․․․ Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով' մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել, վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:
- Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի․․․

Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե' «լա՛վն է, չէ՞, մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:
- Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել. չի ստացվում: Նայում եմ դեմքին. ինքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
- Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:

 


- Չգիտեմ, վաղը կգամ:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս'մտածելով' տեսնես փորձն արդյունք տվել է:
… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է. մազերը' սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը' հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը՝ ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը։ Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …
Դիմանակարը դուր եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:
- Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ․․․

 

 

Հաճախ, Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ են նշանակում դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով' կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին' Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար»:

Վ.Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»