Այս օրերին Պուծինի շուրջը կատարվող զավեշտալի իրադարձությունները իսկապես ողբերգական են: Ողբերգությունն այստեղ ոչ թե նրա առողջական վիճակն է կամ քաղաքական ճակատագիրը, այլ այն, որ դրանից կախված է միլիոնավոր մարդկանց, ողջ Ռուսաստանի, դրա հարեւանների եւ մեծ հաշվով նաեւ աշխարհի ապագան: Եւ այստեղ հպառտանալու որեւե հիմք չկա, ընդհակառակը' սա ամոթալի, խայտառակ ու հանցավոր իրավիճակ է: Միլիոնավոր մարդկանց, հսկայական երկրի եւ ողջ աշխարհի ճակատագիրը երբեք չպետք է կախված լինեն մեկ մարդու կյանքից, նրա հիվանդությունից ու առողջությունից, կամ առավելեւս քմահաճույքից ու տրամադրությունից: Վերջին անգամ նման բան տեղի էր ունենում յոթանասուն տարի առաջ, երբ միայն դաշնակիցների ռմբակոծությունները խանգառեցին Հիտլերին ստանալ ատոմային զենք իր գաղտնի գործարաններում' ոչնչացնելու համար ողջ մոլորակը: Հիսուն տարի առաջ, Կուբայի շուրջ բախման ժամանակ Քեննեդին ու Խրուշչովը ընդհուպ մոտեցել էին նույն անդունդին, սակայն երկուսն էլ հանդես բերեցին մեծագույն պատասխանատվություն, նահանջելով վտանգավոր էետից:

 

Աշխարհը դաս քաղեց այդ փորձանքներից, եւ գլխավոր եզրակացությունն էր այն, որ այլեւս երբեք ու ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն' իր ողջ երկիրն ու առավելեւս ամբողջ աշխարհը վտանգելու համար: Հենց դա է չարաբաստիկ ու հեգնանքի առարկա դառձած "դեմոկրատիայի" ' իրական ժողովրդավարության իմաստը: Ահա ինչու յուրաքանչյուր երկրի Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ դրա յուրացումը որեւե անձի կամ խմբի կողմից' ծանրագույն պետական հանցագործություն է: Հենց այդ հանցագործությունն է գործել Վլադիմիր Պուծինը իր երկրի ու նրան ընտրած ժողովրդի հանդեպ' դրա վերջնական ձեւակերպումը մի կես տարի առաջ տվել էր նրա բարձրաստիճան ճորտերց մեկը, հրապարակայնորեն բացականչելով' "Պուծին' նշանակում է Ռուսաստան: Կա Պուծինը' կա Ռուսաստանը, չկա Պուծինը' Ռուսաստան էլ չի լինի..." Եւ երկինքը չընկավ երկրի վրա, եւ Պուծինը չհեռացրեց այդ սրիկային աշխատանքից, ոչ' նա համեստորեն ընդունեց այս զառանցանքը: Պո~ւծինն է Ռուսաստանը... Ոչ թե Պուշկինը, այլ Պուծինը, ոչ թե այդ երկրի հարյուրավոր նվիրյալները, զորավարներն ու պոետները, հերոսներն ու գիտնականները, այլ գաղտնի ոստիկանության նախկին փոխգնդապետը, որը էժանագին գործարքի արդյունքում գլխավորեց դժբախտ Ռուսաստանն ու հասցրեց այն այսօրվա նվաստացմանը: Ստալինը նման բան իրեն թույլ չեր տալիս...

 


Եթե հարց տանք' ինչո'ւմն է կայանում Պուծինի գլխավոր հանցագործությունը Ռուսաստանի դեմ, պատասխանը միանշանակ է' նա ոչնչացրեց երկրում պետական իշխանությունը: Այո, Ռուսաստանում արդեն մի քանի տարի չկա կառավարություն' կա միայն Պուծինը; չկա խորհրդարան' կա միայն Պուծինը; չկա արտաքին քաղաքականություն' կան Պուծինի բարդույթները; չկա մշակույթ, մամուլ, արվեստ' կան Պուծինի նախասիրությունները; չկա արդարադատություն' կա Պուծինի հիշաչարությունը; չկա ռազմական տեսլական' կան Պուծինի մղձավանջները; չկա նաեւ ազգային անվտանգություն' այդ իրեն հարազատ ոլորտը նա հանձնել է չեչեն ահաբեկիչներին, դրանով իսկ կրակ գցելով Ռուսաստանի տակ դրված վառօդի տակառի մեջ...

 


Չգիտեմ, ինչով է ավարտվելու Պուծինի այս անձնական ճգնաժամը: Վստահ էլ չեմ, որ մենք կտեսնենք նրան Եղեռնի հարյուրամյակին Ծիծեռնակաբերդում, չնայած նրա հայտարարված խոստումի: Սակայն կարելի է կանխատեսել, թե ինչ է կատարվելու Ռուսաստանի հետ, որն իրեն թույլ տվեց այսպիսի կախվածության մեջ հայտնվել մեկ սովորական մահկանացուից: Մեր պատմական փորձը հուշում է, որ մենք պարտավոր ենք խուսափել նման ճակատագրից, առավելեւս այս ողբերգական տարելիցին:

 

 

 

Տիգրան Խզմալյան