«... Չափազանց դանդաղաշարժ եւ եռանդից զուրկ մարդ էր... Ոչ մի լուսավոր, անգամ աննշան հետք չթողեց: Նրա ընտրության ժամանակ Մխիթար եպիսկոպոսը բարձրաբարբառ բողոքում էր եւ համարձակ քարեր էր շպրտում նրա հասցեին: «Ամո՛թ, հազա՛ր ամոթ, որ առանց ազգի ընտրության հայրապետական աթոռ պիտի բարձրանա»,_ ասում էր նա ինձ: Մակարը երախտագիտական զգացումով արտակարգ մաղթանք կատարեց Մայր տաճարում ռուսաց ցարի արեւշատության համար, որ ռուսներին անգամ դուր չեկավ... «Մի օր, մի օր միայն կաթողիկոս լինեի, ապա մեռնեի»,_ ասում էր հաճախ Մակարը։ Անտեղի չէր, որ նրան անվանում էին «ռուս չինովնիկ»: Մակարի կատարյալ հակապատկերն էր իր նախորդը՝ Գեւորգ Դ կաթողիկոսը»։
ԽՈՐԵՆ ավագ քահանա ԽԱՆԶԱԴՅԱՆ
«ՀՈՒՇԵՐ ԵՒ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1919թ.»
Մեծ Ղարաքիլիսա
Մակար Ա Թեղուտցին ծնվել է 1813-ի ապրիլի 6-ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում։ Մահացել է 1891-ի ապրիլի 16-ին՝ Վաղարշապատում (սրտի կաթվածից) եւ ամփոփվել Մայր տաճարի բակում։ Կաթողիկոսական գահին Մակար Ա Թեղուտցուն հաջորդել Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկը):