Սեւրի պայմանագիրը միջազգային-իրավական առաջին փաստաթուղթն էր, որն անդրադառնում էր քրդերին և ճանաչում նրանց իրավունքները պարտված Օսմանյան կայսրության տարածքում: Դաշնագրի 433 հոդվածներից երեքը (62-րդ, 63-րդ եւ 64-րդ) առնչվում էին քրդերին։
62-րդ հոդվածում ասվում էր. «Կոստանդնուպոլսում գտնվող եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի կողմից նշանակված երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կպատրաստի մի կանոնակարգ գերակշիռ քուրդ բնակչություն ունեցող այն շրջանների ինքնավարության վերաբերյալ, որոնք ընկած են Եփրատից արևելք և Հայաստանի հարավային սահմանից հարավ:
Հանձնաժողովի ներսում անհամաձայնություն ծագելու դեպքում հարցը լուծում են իրենք՝ համապատասխան երկրների կառավարությունները: Միաժամանակ պետք է մշակվեն կատարյալ երաշխիքներ վերոհիշյալ շրջանների ասորա-քաղդեական և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար: Այդ նպատակով հատուկ հանձնաժողովը, որի մեջ բացի բրիտանական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներից պետք է մտնեն նաև պարսկական եւ քրդական ներկայացուցիչները, կուսումնասիրեն և անհրաժեշտության դեպքում կճշտեն թուրք-պարսկական սահմանը»:
63-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր երեքամսյա ժամկետում ընդունել եւ իրագործել այդ զույգ հանձնաժողովների որոշումները:
64-րդ հոդվածը ազդարարում էր, որ եթե մեկ տարի անց 62-րդ հոդվածում նշված շրջանների քուրդ բնակչությունը դիմի Ազգերի Լիգայի Խորհրդին' նշելով, որ նրանց բնակչության մեծամասնությունը ցանկանում է Թուրքիայից անկախ լինել, իսկ Ազգերի Լիգայի Խորհուրդը վերջիններիս կհամարի անկախություն ունենալու ընդունակ, ապա Թուրքիան պարտավոր է հրաժարվել այդ շրջանների նկատմամբ իր իրավունքներից: Եթե քրդական պետության կազմի մեջ ցանկություն ունենան մտնելու նաև Մոսուլի վիլայեթի քրդերը, ապա գլխավոր դաշնակիցները չեն առարկի:
Այսպիսով, Սևրի պայմանագիրը նախատեսում էր Թուրքիայի տարածքում ստեղծել ինքնավար Քրդստան, նրան տրամադրելով իրավունք, որ մեկ տարուց հետո այն անջատվի Թուրքիայից եւ վերածվի անկախ պետության: Հստակեցված չէր, սակայն, թե ինչպես եւ ինչ միջոցներով պետք է իրականացվեր անցումը ինքնավարությունից դեպի անկախություն:
Ա. Թոյնբին նկատում է, որ քուրդ բնակչությունը ոգեւորված էր ոչ այնքան քրդական պետության ստեղծման հնարավորությունից, որքան թուրքերի հետ միասին տագնապած էր Արեւմտյան Հայաստանը ՀՀ-ին միավորված տեսնելու մտքից:
Հարկ է նշել, որ դեռեւս 1915 թ. հունիսին Քրդստան ստեղծելու կոչով Պողոս Նուբար փաշան դիմել էր Ֆրանսիայի արտգործնախարարությանը: Նա առաջարկել էր ստեղծել ինքնավար Քրդստան՝ Եռյակ համաձայնության երկրներից մեկի կամ նրանց հավաքական հովանավորության ներքո:
Հայե՛ր, գիտե՞ք, որ