Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել լուծարել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոցը, իսկ գույքը հանձնել Երևանի քաղաքային համայնքին:


Նախագիծը ներկայացնող' պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն նշել է, որ լուծարված դպրոցի գույքը պետք է հանձնվի Երևանի քաղաքապետարանին: Վարչապետը չի համաձայնել առաջարկի հետ' նշելով, որ գույքը պետք է ոչ թե Երևանի քաղաքապետարանին, այլ սահմանամերձ մարզերին հատկացնել:


«Ճիշտ կլինի, որ գույքը հանձնվի սահմանամերձ համայնքներին, Երևան քաղաքին ինչ ասես ով ասես նվիրում է»,- նշել է նա և Սահակյանին հանձնարարել վերանայել որոշումը:


Դեռևս անցյալ տարի կառավարությունը արտոնություններ տրամադրեց սահմանամերձ համայնքներին, սակայն սահմանամերձ համայնքների կյանքը աշխուժացնելու լրացուցիչ անհրաժեշտություն կա: Յուրաքանչյուր քայլ, որը ուղղված կլինի սահմանային գոտու բնակավայրերի աշխուժացմանը և զարգացմանը, կնպաստի երկրի սահմանների պաշտպանության ամրապնդմանը: Դրանով փորձ կարվի նպաստել նաև երկրի տարբեր շրջանների համաչափ զարգացմանը և խուսափել մայրաքաղաքում ռեսուրսների գերկենտրոնացումից:

 

Ոստի և անհրաժեշտ է ցանկացած միջոց օգտագործել, որը կնպաստի մարզերում կյանքի աշխուժացմանը և բարելավմանը: Չէ, որ այդ ամենը առաջին հերթին բխում է մեր երկրի շահերից:

 

 

Մանե Զաքարյան