Հայոց Արտամետը Վանա լճի ափին, Վան քաղաքից ոչ հեռու, բերք ու բարիքով հարուստ, հատկապես խնձորի անմահական բույրով լցված գյուղ էր։ Արտամետի խնձորի փառքն ու համբավը տարածված էր ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Օսմանյան կայսրության ողջ տարածքում, Իրանում ու Կովկասում: Ներկայումս քրդաբնակ քաղաք է ( քրդերն անվանում են Erdêmed)՝ շուրջ 20 հազար բնակչությամբ։
Պահպանվել են Արտաշես Ա–ին վերագրվող բերդի պարիսպների մնացորդները եւ հետագայում կառուցված չորս փառահեղ եկեղեցիների ավերակները, որոնք գտնվում են քաղաքի այգիներում։ Արտամետի հարավային մասով հոսող Մենուայի ջրանցքի պատերին պահպանվել են շինարար արքայի թողած սեպագիր արձանագրությունները։