Համաձայն այսօր կառավարությունում հաստատված «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագրի, ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է դեպի մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրեր:

Աջակցություն կցուցաբերվի սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերին: Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ կավելանա փոքր եւ միջին ձեռնարկությունների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:


Ինչպես նշեց հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս ծրագրին կուղղվի 150 մլն դրամ: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՓՄՁ-ներին կտրամադրվի վարկային եւ ֆինանսական աջակցության երաշխավորություններ:


Ըստ նախարարի, վարկային 12 տոկոս տոկոսադրույքի 3 տոկոսը պետությունը կսուբսիդավորի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցներից, եթե արտադրվող արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է:

Տոկոսադրույքների վերաբերյալ այս մոտեցումը ընդունելի է համարել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:

 

 

Անահիտ Գրիգորյան