Հարևան Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ կապված արտարժույթի շուկայում ստեղծված բարդ իրավիճակի հետ, կարող են հանգեցնել Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականին, ավելի ստույգ, խորհրդարանը նրան կարող է անվստահություն հայտնել:

Մասնավորապես ԱԺ մեծամասնության ղեկավար Դ.Սագանելիձեն հայտարարել է, որ շուտով ԿԲ նախագահը խորհրդարանին է ներկայացնելու տարեկան հաշվետվությունը, և եթե Օրենսդիրները գտնեն, որ նշված պաշտոնյան թերի է կատարել իր պարտականությունները, ապա կարող է հարց բարձրացվել՝ նրան անվստահություն հայտնելու առնչությամբ:

Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ ԿԲ նախագահին պաշտոնանկ անելու միտքը անարդյունավետ է, քանզի, որպես հիմնակ մեղավոր նրանք, մատնանշում են նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիին, և ընդդիմադիրների կարծիքով, իմպիչմենտով լարիի կուրսը չի բարձրանա:

 

 

 

ԿԲ նախագահն, իր հերթին, անդրադառնալով ստեղծված իրավիճակին և այս օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներին, այդ թվում նաև՝ իրեն ուղղված քննադատություններին, ընդգծել է, որ ԿԲ-ին ուղղված բոլոր մեղադրանքները հերյուրանքներ են, քանզի իրենց ֆինանսական թիմը աշխատում է բոլոր հնարավոր հարթակներով՝ առաջնորդվելով խնդրի լուծման առավել նպաստավոր տարբերակների կիրառման առաջնայնության սկզբունքով, ինչի արդյունքում այսօր արդեն նկատելի է ազգային արժույթի գնի որոշակի կայունացումը:

Հ.Գ. Բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԿԲ նախագահի հետագա պաշտոնավարման հնարավորությունը մեծապես կախված կլինի խորհրդարանում նրա ներկայացրած հաշվետվության մակարդակից և գալիք օրերին արտարժույթի շուկայում ցնցումների բացակայության և լարիի արժևորումից, որից հետո Վրաստանի խորհրդարանը, նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու փոխարեն, կարող է նույնիսկ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար:

 

 

 

 

 

Ալիկ Երոյանց