Քաղաքական իրավիճակը գնալով հետաքրքիր ու որոշ առումով նաև անսպասելի տեսք է ստանում: Բացի այն, որ բազմաթիվ փորձագետների կողմից սպասվող քաղաքական սրացումները տեղի չունեցան, այլև ընդդիմադիր դաշտում աննախադեպ լռություն տիրեց:


Քաղաքական գործընթացների կենտրոնում ԲՀԿ-ն է ու քանի դեռ Գագիկ Ծառուկյանը վերջնական որոշում չի կայացրել ԲՀԿ-ի ու անձամբ իր գործունեության վերաբերյալ, մյուս ընդդիմադիր ուժերը ակտիվ քաղաքական գործընթացների մեջ մտնելուց ձեռնպահ կմնան:


Բայց հասկանալի է, որ ԲՀԿ-ն եթե նույնիսկ պահպանվի ու վերադառնա ընդդիմադիր դաշտ, այն չի կարող կրել նույնքան ռադիկալ մոտեցումներ, ինչպիսիք ուներ նախկինում: Ամենայն հավանականությամբ այն նորից վերադառնալու է «ոչ իշխանական», կամ չափավոր ընդդիմության դաշտ: Այս պարագայում արմատական տրամադրություններ ունեցող մի ահագին զանգվածի մոտ առաջանալու է քաղաքական վակուում, որը, սակայն ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, առավել ևս մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանա լրացնել հենց այն պատճառով, որ հասարակության մոտ բավականաչափ վստահություն չեն վայելում:


Ուստի, քաղաքական դաշտ մուտք գործելու լայն հնարավորություններ են առաջանում նոր, առավել վստահելի ուժերի համար, թեև այդպիսիք հորիզոնում դեռևս տեսանելի չեն: Եթե դա տեղի չունենա, առաջացած անառաջնորդ ընդդիմադիր զանգվածը քաղաքական սրման պարագայում կարող է անցնել ներկայիս ընդդիմության կողմը:


Պետք է ենթադրել, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու է առաջին հերթին ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»: Առաջիկայում Ր. Հովհաննիսյանը հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մի քանի հավաքներ է հրավիրել Ազատության հրապարակում, հույս ունենալով իր կողմը գրավել ԲՀԿ-ական ընտրազանգվածը:

 

 

Դավիթ Պետրոսյան