Շառլ-Մորիս դը Թալեյրան
(1754 - 1838)

Ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ։ Երեք անգամ զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ մեկ անգամ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը։ Հզոր դիվանագետ էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով լսում, բայց հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնն ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։

Ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապոլեոնի նկատմամբ, սակայն կայսեր ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի երազանք։ Շուտով նրանց միջեւ հարաբերությունները վատթարանում են և կայսրը դադարում է վստահել Թալեյրանին։

 

 


Հայտնի է, որ Նապոլեոնը Ֆրանսիայի կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական կայսրության հետ, բայց և այնպես Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։ Բոլոր ժամանակների ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիայի կայսերական գանձարանից։ Հենց սրա համար էլ պնդում էր Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Հարկ է նշել, որ նա գումար էր ստանում ոչ միայն Ավստրիայից, այլեւ բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին վճարել։ Հսկայական գումարների դիմաց տեղեկատվություն էր տրամադրում նաեւ ռուսներին:

 


Թալեյրանը լինելով հեռատես անձնավորություն հասկանում էր, որ թեև կայսրին հաջողվում է հաղթանակներ տանել մեկը մյուսի հետևից, բայց այդ իրավիճակը հավերժ շարունակվել չի կարող, Նապոլեոնը վաղ թե ուշ պարտվելու է եւ գալու է նաեւ իր պատասխանատվության պահը։ Այդ իսկ պատճառով, կաշին փրկելու համար, ինչպես նա արել էր ողջ կյանքի ընթացքում, «լքում» է իր տիրակալին, որին մինչ այդ համակրում էր։

Շառլ Մորիս Թալեյրանի դիվանագիտական հաջողության գագաթնակետը համարվում է Վիեննայի վեհաժողովը, որը հրավիրվել էր նապոլեոնյան Ֆրանսիայի հակառակորդների կողմից: Այստեղ Թալեյրանը հանդես է բերում դիվանագիտական ճկունություն, ինչի արդյունքում պարտված Ֆրանսիան պահպանում է իր տարածքային ամբողջականությունը:

Բոլոր ժամանակների այս առեղծվածային անձնավորությանը շատերն են ատել, սակայն նրա դիվանագիտական ունակություններին ոչ-ոք երբեւէ չի կասկածել:





Հայե՛ր, գիտե՞ք, որ