Ցավոք, բայց մեր դաշտում խորքային վերլուծության է ենթարկվում միայն կուսակցությունների ու քաղաքական դեմքերի ասածը, իսկ սպառման շուկայում տեղի ունեցածն անտեսվում է ու լայն արձագանք չի ստանում, իսկ եթե անգամ ստանում է՝ վերլուծության չի ենթարկվում: Ուզում եմ բոլորս մի պարզ ճշմարտություն ընդունենք, որ սպառման շուկայում գտնվող ապրանքների, որակն ավելի կարևոր է քան քաղաքականությունը:


Պարզաբանեմ.


դուք առավոտյան 2 ձու եք գնում և պատրաստում ձեր երեխայի համար, որից հետո նրա մոտ թունավորում է սկսվում և Աստված մի արասցե, դա վատ հետևանքների պատճառ է դառնում։ Իսկ եթե դուք տեղեկացված լինեիք կամ տեղեկացնեիք խնդրի մասին, ամեն ինչ կարող էր և բարի ավարտ ունենալ: Սա իսկապես պետք է կարևորել: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ չենք վերլուծում:


Օրերս «Իրազեկ և Պաշտպանված սպառող» Հ/Կ-ն ահազանգել էր, որ սուպերմարկետներից մեկում ոչ հստակ մակնշմամբ և կեղտոտ ձու է վաճառվում: Արդեն երեկ ՍԱՊԾ տեսուչները հենց տեղում պարզել են եղելությունն ու վերացրել թվով 34 վաճառքի համար ոչ պիտանի ձու. Նմանօրինակ հայտարարություն է անում սննդի տեսչությունը:


Իսկ հիմա ինչո՞վ մենք կարող ենք համոզված լինել, որ ընդամենը 34 ձու է շուկայում, որոնք կարող են վնասված լինել, իսկ մինչ ահազանգը քանի հոգի է գնել, ինչ են անում նման դեպքերը կանխելու համար. Այս ամենի մասին՝ ոչինչ, որովհետև հատուկենտ մարդիկ ու կազմակերպություններ են հարց բարձրացնում խնդիրների մասին, իսկ ՍԱՊԾ-ն հիմնականում չի արձագանքում այդ բարձրացված հարցերին:

 

Քանիցս Ես ու տարբեր քաղաքացիներ պարենի մասով հարց ենք բարձրացրել: Համացանցում հայտնվել են տարբեր ապրանքներ, որոնք կարծես ապագայից լինեին, որովհետև ապրանքի արտադրման ժամկետը մակնշված է եղել ապագայի ամսաթվով: Քանի՞ անգամ է ՍԱՊԾ-ն գնացել այդ ընկերություններ ու փորձել տեղում հասկանալ խնդիրը: Միայն խոսում ենք համագործակցության մասին, բայց պետք է համագործակցել՝ ոչ թե խոսել։ Ասեմ, որ իմ բարձրացրած պրոբլեմներին երբեք չեն արձագանքել. Շատ եմ բարձրաձայնել հատկապես սև հացի խնդիրը: Գուցե տեղյակ չեք՝ հոգ չէ, մենք կարող ենք ձեզ տեղյակ պահել ձեր ֆունկցիաների մասին ու դա ընդամենը մի փոքրիկ սեմինարի միջոցով։ Հետևողական եղեք, որ դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները չթունավորվեն, որ սատկած խոզի մսի մասին առաջինը դուք ասեք, ոչ թե ասեք գիտեինք, բայց չէինք ասում: Մենք պետք է վերլուծենք, որպեսզի հայտարարություններից առաջ գիտակցեն, որ միայն PR չէ: Պետք է տալ հարցերի պատասխանները:
Իրազեկին շնորհակալություն եք հայտնում։ Բա այնպես արեք, որ ժողովուրդն ու նույն Իրազեկը ձեզ շնորհակալություն հայտնեն լավ աշխատանքի համար: Սա միայն ձվի պատմությունը, բայց բազմաթիվ ապրանքներ այս պահին պետք է վերահսկվեն, սակայն դա չի իրականացվում։ Եվ կարող եմ փաստել, որ հասարակ քաղաքացու բարձրացրած խնդիրների համար ոչ միայն շնորհակալություն չեք հայտնում, այլև ոչինչ չեք անում ու ուղղակի լռում եք:

 

 


Էդգար Խաչատրյան