Կառավարությունն ավելացնում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը։ Եթե որոշումից առաջ գյուղվարկերը սուբսիդավորվում էին 4-6 տոկոսով՝ կախված համայնքների կարիքավորության աստիճանից.ապա այս տարի բոլոր վարկերը կփոխհատուցվեն 6 տոկոսով։
Այս որոշման շնորհիվ գյուղվարկերի տոկոսների մարման ծանրաբեռնվածությունն ստանձնում է կառավարությունը։ Դրա համար ավելացվել է պետական բյուջեով նախատեսված գումարը։ Մեկ տարի առաջ եղած 872,5 մլն դրամի փոխարեն 2015թ. համար պլանավորված է ավելի քան 1 մլրդ 163 մլն դրամ։ Այն 33 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա գումարը։
Այս սուբսիդավորումը կարեւոր քայլ է գյուղացիական տնտեսությունների աջակցության առումով։ Այն կնպաստի գյուղացիների վարկերի ծանրաբեռնվածության թուլացմանը։
Կառավարության օժանդակությունը նպաստել է նրան, որ զգալիորեն ավելացել են գյուղացիների կողմից ներգրավող վարկային միջոցները։
Վերջին տարիներին տրամադրվել է ավելի քան 69 մլրդ դրամի վարկ, իսկ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորված գումարը հասնում է 2,4 մլրդ դրամի։
Գյուղվարկերի տոկոսադրույքների փոխհատուցման, ինչպես նաեւ այլ օժանդակությունների՝ մատչելի պարարտանյութեր, սերմացու, վառելիք, տրմադրելու միջոցով կառավարությունն ակնկալում է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտի արտադրության ծավալների ավելացմանը։
Պետք է նշել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրումից հետո գյուղմթերքների իրացման համար ստեղծվել է բարենպաստ միջավայր:
Գրիգորյան Ժորա