Երկրում տեղի ունեցող ներքաղաքական սուր զարգացումների ֆոնին հետաքրքրական է Լեւոն Տեր-Պետրոսյանի' «Սրտիս պարտքը» հոդվածը, որտեղ նա անդրադառնում և վերլուծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի անցած ճանապարհը' միևնույն ժամանակ բարձր գնահատելով Գ. Ծառուկյանի գործունեությունը:
Սակայն ուշագրավ է ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի բովանդակությունը, որքան որ ընտրված պահը: Ինչո՟ւ նա այդպիսի հոդվածով հանդես չեկավ նախքան այս շրջանում սկսված ներքաղաքական վայրիվերումները, երբ որ ԲՀԿ-ն զիջում է իր դիրքերը: Օրինակ նա կարող էր հանդես գալ մինչ այս զարգացումները, ասենք, հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ:
Բացի այդ նաև հարց է առաջանում, թե ինչու է Լ. Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնում Գագիկ Ծառուկյանին, քանի որ շնորհակալության կարիք չկար, եթե իհարկե իրենք համագործակցել են ժողովրդի շահերից ելնելով: Ի վերջո գնահատականը պետք է լինի ժողովրդի կողմից:
Իսկ ինչ վերաբերում է հոդվածի պատեհությանը, ապա նշենք, որ ՀԱԿ-ը կարծես թե փորձում է լցնել ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը, և օգտագործելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հնարքները' փորձում է բարձրացնել ՀԱԿ-ի կշիռը, թույլ չտալ, որ ՀԱԿ-ը համալրի ընդդիմադիր մարգինալների, լուսանցքային ուժերի ստվար բանակը: ՀԱԿ-ի կողմից նման մեթոդների կիրառումը հնարավորություն է տալիս դեպի ԲՀԿ կողմնորոշված ժողովրդական մասսային ԲՀԿ-ում ստեղծված ճգնաժամային իրադրության ֆոնին ուղղորդել դեպի ՀԱԿ:
Կարելի է ենթադրել, որ սա է հոդվածը հրապարակելու գլխավոր նպատակը, եթե այն դիտարկենք ընդհանուր ներքաղաքական իրադրության կոնտեքստում: Եվ պատահական չէ, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ ցանկություն չունի մեկնաբանելու Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը և անգամ չի կարևորել այն:
Այլ կերպ ասած, այս իրավիճակում ԲՀԿ-ի համար այնքան էլ ցանկալի չէ իրենց առաջնորդին գովերգող նման հոդվածը: ԲՀԿ-ին կարող է դուր չգալ նաև այն հանգամանքը, որ հոդվածում ակնարկվում է իրենց առաջնորդի «քաղաքականապես անօգնական» կարգավիճակը, ով, ինչպես նշում է Տեր-Պետրոսյանը, համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության եւ գոտեպնդման կարիքն ունի։
ՀԱԿ-ին կհաջողվի արդյոք ակտիվություն ապահովել և լցնել երկրի ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը դեռևս հարցական է, քանի որ դա կախված է նաև ԲՀԿ-ի և «Ժառանգության»' ներքաղաքական խնդիրների վերաբերյալ վերջնական դիրքորոշումից: Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:
Նարեկ Պողոսյան