Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։

 


Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը: Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը:
Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բասյ դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:

 


Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ,

հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության...
Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա:
***
Երկիր ունենք - չենք ճանաչում, պատմություն ունենք - չենք ճանաչում, ժողովուրդ ունենք - չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում:
Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով' ինչքան բան չգիտենք: Չե՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում ե'ւ պատմություն, ե'ւ գրականություն, ե'ւ գեղարվեստ, ե'ւ տնտեսական վիճակ, ե'ւ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու' ո'չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո'չ ներկադ հասկանալ, ո'չ ապագադ տնօրինել:

 


Պատմություն ունենք - տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ' էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի'նչ ենք եղել, ի'նչ ենք արել, ինչո'ւ եւ ինչպե'ս, ի'նչ օրով, ի'նչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Եվ ի'նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, եւ շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում' սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, եւ կույր ազգասիրական տենչով բռնված' չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի' հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով:
Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հպգեւորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է' սոցիալիստ է...
Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ի'նչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է ՈՒրարտուի հին արձանագրությունների կողքին' աչքերն արցունքով ու վշտով լիքը:
Հապա գրականությո՞ւնը:

 


Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, եւ, սակայն, քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք' ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի'նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչեւ գերեզմանի եզերքը, մինչեւ թաղման օրը:
Էսպես է դրությունը: Եվ եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ի՞նչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ի՞նչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ եւ ի՞նչ հարգանք հենց դեպ իրեն:
Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն եւ հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Մարինա Գևորգյան