2015թվականի փետրվարի դրությամբ պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը հասավ 16,74%-ի, այն դեպքում, երբ հունվարին դրանց միջին եկամտաբերությունը կազմել էր 7,58%: Իսկ շրջանառության մեջ գտնվող ՊԿՊ-ի ծավալը փետրվարի ընթացքում հասավ 20 մլրդ. դրամի, այն դեպքում, երբ հունվարի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ. դրամ:


Կարճաժամկետ պարտատոմսերը կազմում են պետական պարտատոմսերի շրջանառության 7%-ը: Միջին ժամկետայնության պարտատոմսերը 53% ,որը դրամային առումով կազմում է 152,3 մլրդ. դրամ, իսկ ահա երկարաժամկետ պարտատոմսերը կազմել են 40 % -114 մլրդ. դրամ:


Բյուջեի պակասուրդի սպասարկման նպատակով այս ամսվանից սկսած կիրականացվեն պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման և երկարաժամկետ ու միջնաժամկետ պարտատոմսերի ետգնման ակտիվ գործառնություններ: Հիմնականում տեղաբաշխվելու է պետական կարճաժամկետ պարտատոմսեր: Այս տարի նախատեսվում է դեֆիցիտը սպասարկել պետական պարտատոմսերի հաշվին՝ 40 մլրդ դրամի չափով:


Այդ քաղաքականության հետևանքով երկու շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ գտնվող կարճաժամկետ պարտատոմսերի ծավալը ավելացավ 9 մլրդ. դրամով՝ 11մլրդ. դրամից հասնելով 20 մլրդ դրամի, միաժամանակ այս ընթացքում ետգնվել է 1 մլրդ. դրամի կարճաժամկետ պարտատոմս:


Տեղաբաշխումների արդյունքում փետրվար ամսվա միջին եկամտաբերությունը բարձրացավ 14,7%:
Նկատվում է նաև պետական միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի միջին եկամտաբերության աճ: Փետրվարի դրությամբ դրանք կազմել էին համապատասխանաբար՝ 13,9% և 13,5%:


Հատկանշական է նաև այն, որ միջին ժամկետայնության պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցում է երկարարաժամկետ պարտատոմսերին: Վերը նշված ցուցանիշները վկայում են այն մասին, որ կարճաժամկետ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը աճել է:

 

 

Վաչագան Գևորգյան