Վերջին շրջանում բավական լուրջ գործընթացներ էին ծավալվում «Նաիրիտ» գործարանի շուրջ: Գործարանի աշխատողները պահանջում էին իրենց աշխատավարձերը, որոնք սակայն ժամանակին չէին վճարվել, իսկ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար վերցված վարկերը փոշիացվել էին:


Այսինքն' ստեղծվել էր փակուղային մի իրավիճակ, որից ելքը բավական երկար ժամանակ է, ինչ քննարկվում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու «Նաիրիտի» աշխատակիցների շրջանակներում: Ըստ 2014 թվականի վերջին Համաշխարհային բանկի ու ՀՀ կառավարության միջև ձեռք բերված համաձայնության, գործարանի վերագործարկման հնարավորությունները գնահատելու համար Համաշխարհային բանկը փորձագիտական խումբ էր ուղարկելու Հայաստան:


Այսօր ՀԲ-ն այդ ուսումնաասիրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է.
Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ 4 տարրերը.


• գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել.


• արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա.


• արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, 


• ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն:


Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:


Կարծես հույսեր են արթնանում, որ ուսումնասիրությունները կարող են դրական արդյունք տալ ու գործարանի վերագործարկման համար գումարներ կգտնվեն:

 

 

Անահիտ Գրիգորյան