Ներքաղաքական լարված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ արեց, որն անսպասելի էր: Տեր-Պետրոսյանն առաջարկում է ինչ-որ հանձնաժողով հրավիրել, որի մտահոգության առարկան պետք է լինեն ցեղասպանության 100-ամյա տարելիցը և ղարաբաղյան հարցը: Իհարկե 1-ին նախագահի այս քայլը ողջունելի է։ Որպես առաջին նախագահ՝ նրա մտահոգության առարկան նույնպես հասկանալի և ընդունելի է, բայց հարցեր կան, որոնք ինձ մտածելու տեղիք են տալիս.
Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանդիպման առաջարկը չարեց 2014 թվականի Ապրիլի 25-ին, երբ Հարյուրամյակին դեռ մեկ ամբողջ տարի կար, եթե նրան մտահոգում էր այս հարցը: Ինչո՞ւ 1-ին նախագահը հանձնաժողովի կոչ չարեց 2014 թվականի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ծայրաստիճան լարված էր և հանդիպման առաջարկ հնչեցրեց հենց հիմա, երբ հարյուրամյա տարելիցի համար արդեն կա ձևավորված հանձնաժողով ու գործողությունների պլանն արդեն մշակված է, քայլերը՝ հստակեցված։Ինչ վերաբերում է արցախյան հարցի վերաբերյալ հանձնաժողով հրավիրելուն՝ պահը մի քիչ ճիշտ չի ընտրված, որովհետև բոլոր ուժերը կենտրոնացված են ցեղասպանության 100 ամյակին:
Ինչևէ, հույս ունենանք, որ այս հարցերի պատասխանները շուտով կստացվեն ու 1-ին նախագահի մտահոգություններն ու առաջարկները կքննարկվեն ու ազգի համար երկու կարևոր հարցի շուրջ գոյություն ունեցող կոնսոլիդացիան էլ ավելի կառարկայանա և ինչ-որ չափով կմեղմի ներքաղաքական իրավիճակը:
Էդգար Խաչատրյան