«Եթե աջ աչքս փակեի եւ ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչեւ անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող։ Մի օր վարժարանի (Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարան) տեսուչը՝ Հարություն Մկրտչյանը, կառք նստեցրեց, տարավ Բերա թաղամաս՝ ճանաչված ակնաբույժ Էսմերյանի մոտ։ Ուշադիր զննելուց հետո նա գտավ, որ բուժել անկարելի է, բայց հնարավոր է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա․․․Այսպես ամբողջ կյանքում միակնանի մնացի․․․»։
Լեզվաբանի գրադարանը բաղկացած էր իր տպագիր ու անտիպ գրքերից։ Հաճախ կանգնում էր գրադարանի առաջ, նայում գրքերին եւ ասում․ «Այս բոլորը մի մարդ է գրել, այն էլ՝ մի աչքով»։ Չնայած մի աչքը չէր տեսնում, իսկ մյուսը կիսով չափ կորցրել էր տեսողությունը՝ մոլեգին արագությամբ կարդում էր ու գրում։ Կողքին կանգնած մարդկանց ձայնից էր որոշում զրուցակցի ով լինելը։
«Երեխա չունեինք,- մի առիթով ասել է Աճառյանը,- մեր երեխան «Արմատական բառարանն» էր, որի վրա գուրգուրում էինք այնպես, ինչպես կգուրգուրայինք երեխայի վրա, եթե ունենայինք։ Բառարանի հազարավոր էջերը, կնոջս հետ շալակած, քանի՜-քանի՜ քաղաք ենք անցել․․․Ամեն անգամ, երբ հասնում էինք նախատեսված վայրը, մեր առաջին գործն էր լինում նայել, թե մեզ հե՞տ է բառարանը, լրի՞վ են էջերը։ Ու երբ համոզվում էինք, որ ոչինչ չի կորել, գերագույն հաճույքով միմյանց էինք նայում․․․»։