1912, ապրիլ, Լոզան
Իմ հրաշակերտ տիկին,
Այսօր կիրակի է, ոչ լավ, ոչ վատ, այսինքն' անտանելի եղանակ: Ջերմաչափը շատ ցածր է ցույց տալիս, քթիս մեջ եմ զգում… (շատ գիտական քիթ ունեմ): Առավոտյան ժամը 7-ից շուտ վեր կացա, շատ ցուրտ էր, ձանձրացա պատմություններ կարդալով, որոնք սակավ են հետաքրքրում ինձ… Ժամը 1-ին շատ անորակ ճաշ ընտրեցի (այն օրից, ինչ այդ ռեստորանում անհամ սալատ են կերցրել ինձ, այլևս ախորժակով չեմ ուտում, ի դեպ, գինու փոխարեն ռոմանելի ջուր եմ խմում): Դարձյալ վերադարձա տուն, ուր այսպես թե այնպես երկարաձգեցի ձանձրույթս մինչև այս պահը' երեկոյան ժամը 5-ը: Իսկ հիմա վերցնում եմ գրիչս քեզ գրելու համար: Խոստացել էի հետաքրքիր նամակ գրել, բայց… անել այն, ինչ ուզում ես, միշտ չի հաջողվում: Կհարցնես, թե ինչու՞ եմ այդքան ձանձրանում այսօր: Այն պատճառով, որ Թագվորը (մուշտակի վաճառականը) այսօր Leysin-ից գալու է ինձ մոտ:
Որքան ատում եմ նման տիպերին, այնքան թափվում են գլխիս: Եվ ասե՞լ, որ երկրիս երեսին ապրող մարդկանց մեծագույն մասը այդպիսի տիպեր են… Ոհ, ինչ տխուր է ապրել մի կյանք' նման պրոզայիկ մարդկանց մեջ: Եվ որքան քաղցր է ունենալ մի փոքրիկ կին և մենակյաց օջախում մի փոքրիկ աշխարհ կերտել: Տեսնում ես, ավելի ու ավելի երեխա եմ դառնում, ավելի ու ավելի խորությամբ եմ երազում ունենալ մեր փոքրիկ Տաճարը, Յան (դու գիտես, այն, որ արդեն գծել ենք): Իսկ հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե: Առօրյա կյանքը նողկանք է պատճառում, մարդիկ սոսկում են պատճառում ինձ, միայն մի բան կցանկանայի' Երջանկություն և Արև (գիտես, Ֆեբուսը…): Հիշու՞մ ես, առաջարկում էիր 6 ամիս միասին ապրել և 6 ամիս առանձին (թատրոնի համար): Ասում էի, որ անկարելի է ինձ համար: Եվ որքան իրավունք ունեի:
Որքան վատ եմ զգում միայն մեկ ամսվա բաժանման ընթացքում… Եվ ինչպես եմ հաշվում դեռևս մեզ իրարից բաժանող օրերը… Եվ որքան մենակ եմ, մենակ, մենակ, ախ, եթե իմանայիր… Ինչի՞ է պետք կյանքը: Եթե իրոք սիրում ենք իրար և եթե կարող ենք երջանիկ լինել այդքան քիչ բանով: Աստված իմ, ինչու՞ չլինել… Ի՞նչ իմանանք, դեռ երկա՞ր ենք ապրելու (ես ամենևին վստահ չեմ, այն թոքատապով, որ վաղուց ունեմ): Ինչու՞: Ուրիշներին հաճույք պատճառելու համար: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Եկ, իմ Յան, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից, անծայրածիր բաներ, հազար ու մի գիշերների երազներ, քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ: Սիրում եմ քեզ, իմ գանձ, դու միակ էակն ես իրոք ընդունակ անկեղծորեն և հավերժ սիրելու ինձ… Սիրում եմ քեզ, սիրելիս… Ես քեզ եմ տենչում, աչերդ, տենչում եմ մոլորվել քո հայացքում, տենչում եմ փաղաքշել, քեզ ունենալ, իմ անձը տալ քեզ, հուզվել սիրուց և զգալ, որ ապրում եմ… Սիրելիս…
Ռուբեն