640-ականներին արաբները նվաճեցին Եգիպտոսը։ Արաբական տիրապետության առաջին շրջանից հիշատակություններ կան Եգիպտոսի ազգությամբ հայ զորավարների եւ հատկապես էմիրների մասին, որոնց խալիֆները վստահել էին պետության համար անչափ կարեւոր այս երկրամասի կառավարման գործը։ Առաջինը հիշատակվում է Վարդան էլ-Ռումը, ով ոչ միայն արաբական բանակում աչքի է ընկել քաջագործություններով, այլեւ Եգիպտոսում իրականացրած շինարարական աշխատանքներով։ Էմիրի նստավայր Ֆոստատ քաղաքում նա կառուցել է տվել ծածկած շուկա, որը կոչվել է Սուք էլ-Վարդան։
Վարդանը կառուցել է Դար օլ-Նահաս անունով մի չքնաղ պալատ։ Արաբ հեղինակները առանձնապես գովեստով են խոսում եգիպտահայ Ալի-բին-Յահյա-Աբուլ-Հասան-էլ-Էրմանիի մասին, որը IX-րդ դարում երկու անգամ նշանակվել է Եգիպտոսի կառավարիչ։ Ջամալ-էդ-Դինը նրա մասին գրում է․ «Ալի-բին-Յահյան կտրիճ, քաջասիրտ, առատաձեռնությամբ ներբողված, պատերազմի եւ ճակատամարտերի հմուտ, տնօրինող, վարչագետ եւ կառավարչության պաշտոնի մեջ բարի վարք ունեցող էմիր էր։ Նա ծագումով հայ էր»։
Եգիպտահայ գաղութը համեմատաբար նպաստավոր պայմաններում է գտնվել Ֆաթիմյան սուլթանների օրոք, որոնք հանդուրժող վերաբերմունք էին ցուցաբերում քրիստոնյաների եւ հատկապես հայերի նկատմամբ։ Հայ վեզիրների դերն այնքան մեծ է եղել Եգիպտոսի պատմության մեջ, որ նրա պատմության խոշորագույն մասնագետներից մեկը՝ Գաստոն Վիթը, Եգիպտոսի պատմության այս շրջանն (X-XII դարեր) անվանել է «Հայկական շրջան»։ 1070-1094 թթ․ Եգիպտոսի վեզիրն էր հայազգի Բադր-էլ-Ջամալին (Պետր-էլ-Կամալի)։ Վիթը նրա մասին գրել է․ «Նա մահմեդական Եգիպտոսի ամենանշանավոր դեմքերից մեկն է․․․
Կարողացել է Եգիպտոսը դարձնել զորավոր ու բարգավաճ մի երկիր»։ Նա մի շարք հայերի առաջ է քաշել պետական ու զինվորական ղեկավար պաշտոնների։ Ըստ արաբ պատմիչ Մագրիզիի տեղեկության «Բադր-էլ-Ջամալին բանակներ ու զորամասեր կազմեց հայերից, եւ այդ ժամանակից ի վեր բանակի մեծ մասը հայերից էր կազմված»։ Նրա օրոք երկրում մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, որոնց գործունեության մասին կան հետաքրքիր տեղեկություններ։ Այսպես, արտակարգ վայելչությամբ եւ մինչ օրս կանգուն Կահիրեի պարսպի երեք դարպասները (Բաբ-էլ-Զուեյլա, Բաբ-էլ-Ֆութա, Բաբ-էլ-Նասըր) կառուցել են եդեսացի երեք եղբայրներ։ Իսկ պարսպի կառուցման գաղափարը հղացել էր Բադր-էլ-Ջամալին։ Վերջինիս մահից հետո վեզիր դարձավ որդին՝ Շահնշահը, որը արաբական աղբյուրներում հիշատակվում է Ավդալ պատվանունով։ Նա, ում արաբ հեղինակները ներկայացնում են որպես կորովի, ռազմագետ, վարչագետ ու արդարամիտ անձնավորություն, Եգիպտոսը բացարձակ միապետի իրավունքով կառավարել է 1094-1121 թթ․։ Կառուցել է հոյակերտ պալատներ, գրադարանում ունեցել է հինգ հարյուր հազար կտոր գիրք, հովանավորել է գիտության մշակներին, կառուցել աստղադիտարան (Մեջիտ-էր-Ռասատ), այնտեղ դնելով «զաթ-էլ-հարադ» կոչվող մի գործիք՝ աստղերի ու մոլորակների շարժումը դիտելու համար։ 1135-ին Եգիպտոսի վեզիր է դառնում Ներսես Շնորհալու հորեղբայրը՝ Վահրամ Պահլավունին (Բահրամ-էլ-Արմանի)։ Նրա բանակի հիմնական մասը կազմում էին հայերը։ Իբն-էլ-Աթիրը գանգատվում է, որ Վահրամ Հայը աշխատանքից ազատում էր մահմեդականներին եւ պատասխանատու պաշտոնների նշանակում հայ մարդկանց։ Մագրիզին հայտնում է, որ այդ ժամանակ երկրի պետական համակարգում աշխատում էր երկու հազար հայ։
XII դարում Եգիպտոսում աննախընթաց ձեւով զարգանում էին ապրանքային արտադրությունը, արհեստներն ու առեւտուրը եւ այդ գործում անգնահատելի դեր ունեին եգիպտահայերն ու հատկապես երկրի հայ կառավարիչները։
Լուսանկարում՝
Կահիրեի բերդի Բաբ Զուեյլա դարպասը, որը կառուցվել է Բադր էլ-Ջամալիի օրոք՝ եդեսացի հայ վարպետների կողմից։