Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Տոկոսային առումով այն 6,75-ից հասել է 10,5 տոկոսի: Չնայած գնաճի մակարդակը Հայաստանում գտնվում է նախատեսված թիրախային տիրույթում, այնուամենայնիվ այս ժամանակաշրջանում տեղի է ունեցել տնտեսության մեջ մտնող փողի 3,75 տոկոսանոց թանկացում։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը բերում է փողի արժևորման, որի հետևանքով թուլանում է գնաճային ճնշումը՝ բացասական ազդեցություն թողնելով տնտեսական գործընթացների վրա։ ԿԲ-ն նման քաղաքականությամբ նպատակ ունի ազդել ոչ միայն գնաճային հնարավոր դրսեւորումների վրա, այլեւ նպաստել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը։


Պատահական չէ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ տեղի է ունենում լոմբարդային ռեպոյի էժանացումը։ Անցած տարվա վերջին արժութային շուկայում ձեւավորված անկայունությունը կանխելու նպատակով լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը միանգամից կրկնապատկվեց՝ հասնելով 20 տոկոսի։


Այժմ ԿԲ-ն այն ակտիվորեն նվազեցնելու կուրս է վերցրել, որի արդյունքում վերջին 20 օրվա ընթացքում 5,5 տոկոսով իջեցվել է լոմբարդային ռեպոյի գինը։ Նման որոշման նպատակը շուկայակայան կարճաժամկետ տոկոսադրույքների վրա ազդեցությունն է:


Խոսելով ռիսկերի մասին, պետք է նշել, որ արտաքին ազդեցությունը կապված է Միացյալ Նահանգների տնտեսության հետ։ Ի տարբերություն համաշխարհայինի,ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը ակնհայտ են։ Դրա հետևանքով Հայաստանում ձևավորվել է տոկոսադրույքների բարձրացման սպասումներ, որը կարող է հանգեցնել մի կողմից դոլարի արժեւորմանը, մյուս կողմից հումքային եւ պարենային ապրանքների համաշխարհային գների նվազեցմանը։


Չնայած այն բանին, որ վերջին գործոնը գնաճի վրա ունի դրական նշանակություն, այնուհանդերձ միայն դա բավարար չէ նախատեսված թիրախային մակարդակի ապահովման համար։ Դոլարի հնարավոր արժեւորումը մեծացնում է ազգային արժույթների արժեզրկման, հետեւաբար նաեւ գնաճի ակտիվացման ռիսկերը։ Դատելով ԿԲ գործողություններից, այժմվանից փորձ է արվում կանխել այն՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

 

 


Տիգրան Խաչիկյան