Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների հարաբերությունների տիրույթում: Հիմնականում Եմենի տարածքում գործող, «Ալ-Կաիդայի» ամենածայրահեղական ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» (ԱԿԱԹ) խմբավորումը (ի դեպ, հենց այս կառույցն էր կանգնած փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի դեմ հունվարի սկզբին իրականացված ահաբեկչական հարձակման հետևում) հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությանը միանալու մասին: Ամենայն հավանականությամբ, ԱԿԱԹ-ի՝ նման որոշման պատճառը Եմենում ընթացող ներքաղաքական զարգացումներն են, մասնավորապես՝ շիայադավան հութիների կողմից իրականացված պետական հեղաշրջումը:


Ստեղծված պայմաններում ԱԿԱԹ-ի կողմից հութիներին դիմագրավելու միակ արդյունավետ և առարկայական քայլը կարող էր լինել ԻՊ-ի աջակցությունը հայցելուն միտված քայլերը, հատկապես, երբ տևական ժամանակ է, ինչ համագործակցության ձեռք առաջինը մեկնել է ԻՊ-ն՝ առաջարկելով համատեղ պայքարել շիաների դեմ, մինչդեռ եմենյան կառույցը համառորեն մերժում էր՝ հաշվի առնելով ԻՊ-ի և Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» միջև առկա հակամարտությունը Սիրիայի տարածքում:


Թերևս հենց վերոնշյալ իրողությունների համատեքստում է նաև ԱԿԱԹ-ի տարածած հայտարարության տեքստը, որում մասնավորապես նշվում է. «Մենք հրաժարվում ենք հավատքի մեծագույն մարտիկ, աստվածաբան, շայիխ Այման ալ-Զաուահիրիին տված հավատարմության երդումից և հավատարմություն հայտնում ուղղահավատների խալիֆ Իբրահիմին»:


Այսպիսով, առկա իրավիճակով պայմանավորված, փաստացի երկու կարևոր հանգամանք պետք է առանձնացնել: Նախ՝ ինչպես է ԻՊ-ն աջակցելու ԱԿԱԹ-ին, ինչ ուղիներով, ինչպիսի համատեղ ռազմավարություն է մշակվելու. այս հարցադրումը հատկապես կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կարելի է կանխատեսել՝ առաջիկա ռազմական գործողությունների հետ կապված: Իսկ երկրորդ կարևորագույն իրողությունը՝ ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» միջև խորացող մրցակցությունն է, որն ակնհայտորեն հօգուտ առաջինի է: Եվ եթե վերոնշյալ միավորումը հաջողվի, ու կենսագործվեն դրա հիմքում դրված նպատակներն, ապա չի բացառվում, որ ԱԿԱԹ-ին կհետևեն նաև «Ալ-Կաիդայի» այլ ճյուղավորումներ:


Ի դեպ, մինչև ԱԿԱԹ-ը, ԻՊ-ին միավորվել էին նաև Լիբիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումն, ինչպես նաև եգիպտական Սինայի թերակղզում գործող «Անսար Բայթ ալ-Մակդիս» խմբավորումը, որը վերանվանվել էր՝ «Վիլայաթ Սինայի»: Սպասելի է, որ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» ծայրահեղական խմբավորումը ևս կփոխի իր անունը:

 

 

Արմեն Պետրոսյան