Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթը Արցախում ավարտվեց մի շարք անցանկալի հետևանքներով: Դրանում մեղքի իրենց բաժինն ունեին և Հիմնադիր խորհրդարանի անդամները և Արցախի ոստիկանությունը, որը համարժեք չգործեց ու ակցիայի մասնակիցների հետ հանդիպումը հասցրեց էր ընդհարման (անկախ այն հանգամանքից, թե ոստիկանության հասցեին ինչ վիրավորանքներ են հնչել):
Սակայն, երեկ Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ վերջինս ու իր թիմակիցները քաղաքական պայքարի բավական կոշտ դիրքորոում են որդեգրել: Ժ. Սեֆիլյանն իր խոսքում արցախյան կողմի գործողություններն ու քաղաքականությունը որակում է որպես' «թրքաբարո»: Կարծում եմ, այսպիսի ձևակերմումը բացարձակապես հարիր չէ Ղարաբաղյան պատերազմի մասնակից գործչին:
Բայց եթե դա կարող ենք մասամբ հասկանալ, հաշվի առնելով վիրավորվածությունն ու որոշ այլ հանգամանքներ' կապված միջադեպի հետ, բայց բոլորովին անթույլատրելի է, երբ Ժ. Սեֆիլյանը Արցախյան կողմին կոչում է հակառակորդներ: Մի՞թե սա Հայաստանի ու Արցախի մեջ սեպ խրելու, որպես ազգային միավորներ միմյանցից տարանջատելու, ինչպես նաև երկու երկրների հայ ազգաբնակչությանը ազգային թշնամանքի հասցնելու երևույթներ չի պարունակում:
Ու այս ամենի հետ մեկտեղ Ժ. Սեֆիլյանի խոսքում առկա են ագրեսիվ դրվագներ, երբ վերջինս ասում է, որ կգա պահ, «Կանգ կառնենք միայն հարվածները ընդունելու ընթացքից և կասենք' ժողովուրդ, արդեն պահը եկել է, որ արդեն մենք պիտի հարվածենք: Անպայման այդ խոսքը իմ կողմից կհնչի ճիշտ պահին, ճիշտ տեղին»: Այնուհետև Սեֆիլյանի խոսում է, թերևս, ապստամբական ոգով, որի տողատակերից առաջին հերթին կարելի է ապակայունացման կամ ոչ անցնցում գործընթացների հոտ առնել:
Այս իրողությունը ստիպում է մտահոգվել առաջիկա քաղաքական իրադարձությունների համար, որոնք կարող են անսպասելի ընթացք ստանալ' իրենց համապատասխան հետևանքներով: Խնդիրը ոչ թե Ժիրոյի ակտիվությունն է, այլ անորոշ, թերևս արկածախնդրության բնորոշ հայտարարությունները: Իշխանության դեմ պայքարը չպետք է ինքնանպատակ լինի՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:
Էրիկ Մելիքյան