ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմական եւ անվտանգության ոլորտներում:


«ԱՄՆ-ը նախատեսում են խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության, զինվորականների եւ անվտանգության ծառայությունների հետ՝ գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին դիմադրելու հարցում»,- նշել է Էրիկ Ռուբինը:


Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը, Պետդեպի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ին դա չի կաշկանդում, ԱՄՆ-ը ընդունում է, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, եւ չի նախատեսում, որ այն կանհետանա: Էրիկ Ռուբինը նաև ընդգծել է անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ երկկողմ վարժանքների իրականացման, փորձի փոխանակման անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, այլեւ այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել կարևորությունը:


Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման, Ուկրաինական հակամարտության խորացման և Հայաստանի' ԵՏՄ անդամակցության պարգայում ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունը Հայաստանի հետ: Ընդ որում համագործակցության շարունակականությունը չի սահմանափակվում միայն պաշտպանության բնագավառում: Էրիկ Ռուբինը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու ՀՀ-ին ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման հարցերում:


Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու և համագործակցության նոր ձևաչափ ընտրելու պատրաստակամությամբ է հանդես գալիս նաև ԵՄ-ն:


Հունվարի 20-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորող ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի մասնակցությամբ:


Վերջինս նշել է. «ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին»:


Փաստորեն ԵՄ-ն հնարավորություն է ընձեռնում Հայաստանի հետ համագործակցության ձևաչափի շուրջ նոր համաձայնագրի մշակման և կնքման համար: Հիշեցնենք, որ դեռևս 2013թ-ի նոյեմբերին Հայաստանը պետք է կնքեր ասոցացման համաձայնագիրը, որը չկնքվեց, իսկ Հայաստանի' ԵՏՄ անդամակցությունից հետո արդեն անհրաժեշտություն է առաջացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր համաձայնագրի ստորագրման համար:


Փաստորեն' Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հայտ են ներկայացնում և՛ ԱՄՆ-ն և՛ ԵՄ-ն: Այս ամենը փաստում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար հուսալի գործընկեր:

 

 

Նարեկ Պողոսյան