Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումը բավականին հետաքրքիր ակտ էր հայկական պետականաշինության գործընթացում, քանի որ այն արտաքին տնտեսական հարաբերություններին լրջագույն մոտեցում է ենթադրում:
Հատկապես, երբ հաշվի ենք առնում ՀՀ-ի' ԵՏՄ-ին անդամագրման փաստը, իսկ վերջինս առաջին հերթին տնտեսական միավոր է, արդեն անհրաժեշտություն է առաջանում ունենալ կառույց, որը ոչ միայն կուսումնասիրի այդ կառույցի ու միջազգային ֆինանսատնտեսական այլ կառույցների հետ ՀՀ հարաբերությունները, այլև որոշակի քաղաքականություն կիրականացնի:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հիմնումը կարևորություն է ձեռք բերում նաև այն իրողության ֆոնին, որ ըստ էության, քաղաքական հարաբերությունները սովորաբար հիմնվում են տնտեսական հարաբերությունների ու շահերի վրա: Այսինքն, հասկանալու համար Հայաստան-ԵՏՄ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները, պետք է նախ բացահայտել, թե այդ պետական, ինստիտուցիոնալ միավորները միմյանց հետ ինչպիսի տնտեսական շահերով են կապված:
Այս առումով, սույն գերատեսչության ձևավորումը կարելի է նույնիսկ ուշացած համարել: Այսօր առկա տնտեսական ու արտաքին քաղաքական հարաբերություններում առկա լրջագույն խնդիրները գուցե չլինեին կամ այլ տեսք ունենային, եթե ժամանակին ԱԳՆ-ի շրջանակներում կամ առանձին գործեր մի մարմին որը թույլ կտար ավելի լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանի ու արտաքին տնտեսական խոշոր միավորների հարաբերություններին:
Էրիկ Մելիքյան