«Հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երևան բերին։ Երևանի կայարանում մեծ բազմության Էր հավաքվել։ Կայարանից մինչև քաղաք տանող ճանապարհը փակված Էր միլիցիոներների խիտ շղթայով։ (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված Էր միայն Կենտկոմի և Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ Էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։ Կայարանից մինչև Խանջյանի առանձնատունը, որ գտնվում Էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում Էր ուսերի վրա։ Համարյա հինգ րոպեն մեկ փոխվում Էին դագաղն իրենց ուսերին կրողները։ Ժողովուրդը ամեն կերպ աշխատում Էր պատռել միլիցիայի շղթան և հետևել Խանջյանի դագաղին, բայց միլիցիոները հարվածում և ետ Էր մղում նրանց։
Ես ականատես եղա մի սրտառուչ դեպքի։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մոտեցավ միլիցիոներներից մեկին, գրպանից հանեց Խորհրդային Միության Կենտգործկոմի անդամության տոմսը և ասաց. «Կյանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամության իրավունքները, թույլ տվեք անցնել և գնալ դագաղի ետևից»։ Միլիցիոներները ձգված պատվի առան և ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար։ Նա դագաղին հասնելով փոխարինեց մեկին, դագաղին ամրացած փայտը դնելով իր ուսերին։ Դագաղի ետևից քայլում Էինք ես և Չարենցը, երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Այ տղա, Ալազան, նեուժելի Խանջյանի նման բոևոյ մարդը կարող Էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։ Եվ պարզվեց։
Դագաղը դրվեց աոանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա–Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից։
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ, «Տառապանքի ուղիներով»
ՀԳ - Բերիայի հրամանով Աղասի Խանջյանը սպանվեց Թիֆլիսում՝ 1936 թ. հուլիսին:
Հայե՛ր, գիտե՞ք, որ