Ջեն Սելթեր անունով գեղեցկուհին համացանցում սկսել է տեղադրել իր փարթամ մարմինը ներկայացնող լուսանկարներ՝ սպառնալով մթագնել Քիմ Քարդաշյանի փառքը: Ջենին, սակայն, շեշտը դնում է ֆիթնեսային բնույթի լուսանկարների վրա և, ի տարբերություն Քիմի անկաշկանդ և անպաճույճ պատկերների, իր մարմնի բարեմասնություններն ընդգծում է ակրոբատիկ տրյուկներով: Քիմ Քարդաշյանի «փառքը մթագնելու» մի փորձ էլ արվել է երեկ ԲՀԿ-ի հրավիրված խորհրդաժողովում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հռետորական պոռթկման պահին ասել է. «Նախկին վարչապետը պատասխանատու պաշտոնի է անցել ԱՄՆ-ում և տխրահռչակ Քիմ Քարդաշյանի պես իր նկարներն է զետեղում սոցիալական կայքերում»: Նախկին վարչապետի մասին Նաիրա Զոհրաբյանի արտահայտած մտքերը այնքան շատ են ու բազմազան, որ զարմանք չեն հարուցում, բայց ինչու շոու բիզնեսի ամերիկահայ աստղին անվանել տխրահռչակ: Քիմ Քարդաշյանը համացանցում մի քանի տասնյակ միլիոն համակիր ունի, համաշխարհային ճանաչված շատ բրենդների ներկայացնողն է, ի վերջո հմայիչ լինելուց բացի բավականաչափ խելացի անձնավորություն է, հակառակ դեպքում տարիներ շարունակ չի կարողանա վարել ամերիկյան հայտնի հեռուստաշոուները:
Մի թերություն ունի թերևս, որ ԲՀԿ անդամ չէ, դե դա էլ մի կերպ կարելի է ներել, որովհետև առանց դրա էլ բավականաչափ բարգավաճ է թե մարմնով, թե ունեցվածքով: Այնպես որ, այս անգամ հարգարժան Նաիրա Զոհրաբյանի կարծիքը առ Քիմ Քարդաշյան չենք կիսում:
Հ.Գ. Դիպուկ է ասել Անգլիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը. «Երբ բնավորություն է ցույց տալիս կինը, նրա մասին ասում են լիրբ, իսկ երբ բնավորություն է ցույց տալիս տղամարդը, ասում են հիանալի տղա է»:
Անի Սանոսյան