Երբեմն ստեղծվում է իրավիճակ, երբ այնքան էլ չես վստահում կյանքին, քեզ շրջապատող մարդկանց և վախենում ես, որ քեզ հետ ինչ-որ բան կկատարվի…Զգացողություն ունես, որ շրջապատված ես տականքներով…Նողկանք ես զգում, անհանգստություն ու հոգնածություն…Սակայն, այնուամենայնիվ հոգու խորքում հույս ունես ու սպասում ես ինչ-որ լավ, նոր, հետաքրքիր իրադարձության…
Անտիկ սուրհանդակի նման վազում ես, ձգտում, մարտընչում, պայքարելով հասնում նպատակին' հասնելով, տանջվելով, մեռնելով…Տեսնում ես, թե ինչպես են երջանկությունն ու մահը միաժամանակ ոտք դնում քո շեմին… Երբ դու ուժասպառ ես արդեն, հիասթափված ու անհաղորդ…Տիրանալ սիրած կնոջը, երբ սերն արդեն հանգչում է, անկարող լինել հաճույք վայելել, երբ վերջապես ձեռք է բերված երջանիկ լինելու իրավունքը…Հասնել ինչ-որ բանի, ինչ-որ հաջողության, երբ արդեն ուշ է, երբ այն այլևս քեզ պետք չէ…
Այն հավատարմությունը, որը կարողանում ես պահպանել մի կերպ, տանջանքի, ապրումների, զոհողության, միայն պարտքի զգացողության, կյանքի գնով, մեծ ճիգերով, ոչ մի բանով չի տարբերվում դավաճանությունից…Իսկ եթե սիրում ես, ապա դա դավաճանություն չէ, դա կյանք է, երջանկություն ու աստվածային մի բան…
Հաճախ, ցավոք այդ զգում ես, երբ այն կորցնում ես, հեռանում…Բայց շատ հաճախ անջատումը նաև նպաստում է սիրո բյուրեղացմանը, եթե այդ զգացումների հիշողությունները դեռևս լի են կյանքով: Բայց նաև երկարատև անջատումը , անհասկացված լինելը երբեմն սիրուց խլում է նրա ողջ էությունն ու մեռցնում կիրքը, ցանկությունը…Իրենից հետո թողում միայն ավերակներ…
Իմ սիրած «Կնոջ բույրը» ֆիլմում, իմ պաշտելի դերասանի կերտած հերոսի' գնդապետի խոսքերը հիշեցի. «Կանա~յք…Քանի դեռ նայում ես նրանց դու ապրում ես»…Իրոք որ…Բայց ավելացնեմ, քանի դեռ սիրում ես դու ոչ միայն ապրում ես, այլ նաև երջանիկ ես…
Երջանիկ եղեք բոլորդ, սերն է փրկում աշխարհը…
Հ.Գ.
Սերն ամենայն ինչի գագաթն է: Դա բարձրագույն մեծություն է, մեկը և միակը...
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ