ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ. Տաղանդավոր գիտնականը մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից...
Ծնվել է 1928 թ. Ղրիմում։ Հայրը՝ Նիկիտա Մերգելովը, գործարար էր, մայրը՝ Լյուդմիլա Վերոդովան, «Ազովյան բանկի» կառավարիչը: 1936-ին Նիկիտա Մերգելովին ձերբակալում եւ ընտանիքի հետ աքսորում են Սիբիր: Շուտով ընտանիքը Երեւան տեղափոխվելու հնարավորություն է ստանում: Պատանի Սերգեյն առաջին անգամ հայտնվում է հայրենիքում:
Դպրոցում ցուցաբերում է արտակարգ բարձր առաջադիմություն: Ութերորդ դասարանում մասնակցում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի հանրապետական օլիմպիադային եւ դառնում հաղթող: Դպրոցն ավարտում է՝ արտահերթ հանձնելով 9-րդ եւ 10-րդ դասարանների ծրագիրը: ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետն ավարտում է երեք տարում: Մոսկվայում պաշտպանում է թեկնածուական թեզը, որից հետո առաջարկ է լինում հայորդուն անմիջապես գիտությունների դոկտորի կոչում շնորհել:
20 տարեկանում նա դառնում է ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ դոկտորը, 1952-ին՝ ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ անդամը: Մերգելյանի թեորեմը տեղ է գտնում «մաթեմատիկական անալիզի» բոլոր դասագրքերում: Խրուշչովյան «ձնհալի» տարիներին որոշվում է Հայաստանում զարգացնել կիբեռնետիկան: Այդ ժամանակ Մերգելյանը հասել էր համաշխարհային հռչակի: Նա 1956 թ. Հայաստանում հիմնում է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը: Ստեղծվում են առաջին հաշվիչ մեքենաները՝ «Արագածն» ու «Հրազդանը»: Մերգելյանի ինստիտուտը գիտահետազոտական հիմնարկից հետզհետե վերածվում է գիտաարդյունաբերական միավորման:
Այնուհետեւ տաղանդավոր գիտնականը կրկին տեղափոխվում է Մոսկվա, սակայն տարիներ անց՝ Վ. Համբարձումյանի հրավերով գալիս է Երեւան՝ զբաղեցնելու ՀԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի տեղակալի պաշտոնը: Երեւանում, սակայն, Մերգելյանին չեն վերընտրում վերոնշյալ պաշտոնում։ Նրան առաջարկում են ժամանակավորապես ղեկավարել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Աշխարհահռչակ մաթեմատիկոսը նշանակվում է Կիրովականի (Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: Չորս տարի անց՝ 1986-ին, Մերգելյանը հիասթափված հեռանում է Մոսկվա, այնուհետեւ՝ ԱՄՆ, ուր 2008 թ. կնքում է իր մահկանացուն:
Հայե՛ր, գիտե՞ք, որ