ՄԱՀՎԱՆ ՀՈՎԻՏ
Հունվարի վեցին (1939 թ․) ներս մտավ բանտի պարետը եւ կարդաց 25 հոգու անուն-ազգանուններ, որոնց թվում էինք ես եւ Հայկ Գրիգորյանը։ Իրերը հավաքած դուրս եկանք խցից։ Բանտի դարպասի մոտ մեզ սպասում էր բեռնատար մի մեքենա․․․ Մագադանից մի քանի կիլոմետր հազիվ էինք հեռացել, երբ սկսվեց սաստիկ բուք ու բորան։ Ցրտից բոլորս իրար էինք սեղմվել եւ դողում էինք․․․Հինգերորդ օրը երկու հոգի քաղցից ու ցրտահարությունից մահացան։ Պահակը ակտ կազմեց եւ նրանց դիակները մոտակա ձորը շպրտեց։
Վերջապես մեր հոգնատանջ ավտոմեքենան կանգ առավ մի մեծ դարպասի առաջ։ Մեքենայից նոր էինք ցած իջել, երբ երկու երիտասարդներ վազելով մեզ մոտեցան․․․
— Ներողություն, դուք հա՞յ եք։
— Այո՛, հա՛յ ենք,— պատասխանեցինք մենք։ Նրանք մեզ հետ գրկախառնվելով համբուրվեցին․․․
Բարաքի ավագը մեզ ծանոթացրեց օրվա ռեժիմին․․․
Երեկոյան մեզ մոտ եկան այն բարի երիտասարդները։ Նրանցից մեկը Կիրովականի երկաթուղային բանվոր էր, դատվել եւ աքսորվել էր որպես տրոցկիստ։ Ճամբարի դարբնոցում էր աշխատում, որպես կռանահար եւ որպես բարեխիղճ աշխատող՝ լավ համբավ ուներ։ Դա Միտյա Կոստանյանն էր․․․ Նրանից քրեական կալանավորները սարսափում էին։ Պատյանից մի դաշույն հանելով եւ բարաքի մեջտեղում կանգնելով, նա ասաց․
— Է՜յ, շանորդիներ, նայեցեք, սա իմ լավ ընկերն ու բարեկամն է, նա մետաքսե երեսով մի վերմակ ունի, եթե այդ վերմակին կամ նրա մազին դիպել եք՝ բոլորիդ կմորթեմ։ Բարաքի ավագին, որը դարձյալ քրեական էր, ինձ մոտ բերեց եւ ասաց․
— Տե՛ս, հայրենակցիս լավ կնայես, թե չէ, ձեռքիցս չես պրծնի․․․
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ
Հայե՛ր, գիտե՞ք, որ