Զմմառի Սուրբ Տիրամոր վանքը հայկական վանական համալիր է, որը գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հեռավորության վրա։ Քեսրվանի լանջին կան երեք հայկական վանքեր․ Զմմառի վանաստանը, Քրեյմի ու Բեյթ Խաշպոյի հայկական մենաստանները։ Զմմառի վանքն ունի եկեղեցի, ժառանգավորաց վարժարան, վեհարան, աշտարակ, մատուռ, թանգարան, գրադարան, սրահ։ Այն հանդիսանում է Հայ կաթոլիկ պատրիարքության կենտրոնը։
1741 թ. Հալեպում Աբրահամ արք. Արծիվյանն ընտրվում է կաթողիկե հայերի կաթողիկոս-պատրիարք։ 1742-ին, Հռոմում, Բենեդիկտոս ԺԴ պապից հաստատություն ստանալով նա հաստատվում է Լիբանանում, ուր լեռնային Քրեյմ գյուղում կառուցում է վանք՝ հիմք դնելով միաբանության, ապա մի քանի տարի անց նախապատվությունը տալիս է Զմմառի բարձունքին, ուր 1749-ին լծվում է նոր վանքի՝ ներկայիս Զմմառի վանքի շինության գործին։
Զմմառի վանքի ներքին գանձերից է Ձեռագրատունը, Մատենադարանը, Թանգարանը։ Այստեղ կան շուրջ 2000 հին ձեռագրեր, որոնցից 200-ը՝ օտար լեզուներով։ Մերձավոր Արևելքի հայկական մեծագույն գրադարաններից մեկն է, ունի շուրջ 30 հազար հատոր գիրք, որոնցից մեծ մասը հայերեն գրքեր են՝ հայկական առաջին տպագիր օրինակներից մինչև Հայաստանի նորագույն հրատարակությունները։ Հայալեզու գրքերից բացի այստեղ կան բազմաթիվ օտար լեզուներով շատ հին և արժեքավոր հրատարակություններ, որոնցից մի քանիսը հազվագյուտ են։ Մատենադարանն ամեն տարի համալրվում է նորանոր հրատարակություններով։
Ձեռագիր ու տպագիր գրքերից բացի Զմմառի վանքն ունի նաև զույգ դիվաններ։ Մայրավանքի դիվանատան պարունակյալ շուրջ 600 տուփերում պահպանվում են միջինարևելյան պատմությանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմությանն առնչվող վավերաթղթեր, օրագրություններ, միաբանների կենսագրություններ, կալվածաթղթեր, կոնդակներ, պետական պաշտոնագրեր․․․
Պակաս արժեքավոր չեն նաև թանգարանային իրերը։ Թանգարանը բաղկացած է երկու գլխավոր բաժիններց՝ հնագիտական-դրամագիտական և եկեղեցական։
Հայե՛ր, գիտե՞ք, որ