1914, դեկտեմբեր,Պետրոգրադ

Ասելիք շատ կա, սիրելի Նվարդ, բայց գրելու հավես ու հալ չկա: Մի կողմ թողած իմ անձնական կյանքը, որ շատ է տխուր ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում, ավելին կասեմ, հույս էլ չեն ներշնչում, որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք, սիրելիս, որ ես սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝ հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու: Ընդհակառակը, այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը, այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները, որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ - միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից: Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնքան է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու:



Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է - դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը - այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ: Ես ինձ այնպես եմ զգում - ինչպես կզգա մեկը, որ թոքախտ ունի և գիտե, թե  որքան կարճ  է իր կյանքը - նրա կյանքը կյանք չէ, այլ - մահացում: Տարիներով մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար գոյության մինիմալ պայմաններ, որպեսզի նվիրվենք մեր կոչման - իսկ մինչ այդ վատնում ենք մեր բոլոր  ուժն ու կարողությունը և հանկարծ դառը սրտով տեսնում ենք, որ միջոցը նպատակ է դարձել և անցածը ետ դարձնելու  հնար չկա: Այդպես ենք մենք բոլորս -  կոտրված, գետնահար խոտի նման, ընկած, պարտված, անհույս ու անհավատ: Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան կենդանացնել...



 Ախ, թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը - հին ու անբուժելի  հիվանդություն է դա, և մենք անզոր ենք  նրա դեմ: Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները, ավա՜ղ, շատ վաղուց: Եվ չեմ ազատվի դրանցից երեւի մինչև վերջը - ինչպե՞ս ազատվես ինքդ քեզնից: Կարո՞ղ եք երևակայել, երբեմն իմ մտքից անցնում է հեռանալ աշխարհից, մի վանք շինել և լռության մեջ  անցկացել կյանքիս կարճ օրերը, սակայն անկարող եմ իրականանցնելու իմ այդ գաղտնի բաղձանքը - պատճառներ ու արգելքներ շատ կան ոչ միայն արտաքին, այլև ներքին: Իմ սիրելի եւ լավ Նվարդ, դուք այս նամակը  կարդալիս չզարմանաք և չծիծաղեք վրաս: Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական։ Եւ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է եւ իմ երկիրը, իմ Նաիրին․․․

Վահան

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ