Երկու կանայք են այսօր արտացոլում Ռուսաստանում տիրող ողջ մղձավանջը' Նադեժդա Սավչենկոն եւ Սվետլանա Դավիդովան: Առաջինը ուկրաինուհի է, օդաչու, որը գերի է ընկել եւ արդեն երկու ամիս է ինչ հացադուլ է պահում մոսկովյան բանտում: Նրան մեղադրում են "ռազմական հանցագործություններ" կատարելու համար, թեեւ նա ուկրաինական բանակի սպա է եւ առեւանգվել էր ու բերվել Ռուսաստան, որը պաշտոնապես "չի վարում պատերազմ" Ուկրաինայի դեմ:

 

 

Այդ դեպքում պարզ չէ, թե ինչ "ռազմական հանցագործություն" է գործել Նադեժդան, ծառայելով սեփական երկրի տարածքում: Սա միանշանակ նման է գերված հորդանական օդաչուների հանդեպ "Իսլամական պետության" ջիհադիստների սադիստական վերաբերմունքին, այն տարբերությամբ, որ Նադեժդային ռազմագերի է պահում ՄԱԿ ԳԱ անդամ միջուկային տերություն, որը, կրկնեմ, ժխտում է Ուկրաինայում իր զինվորականների ներկա լինելու փաստերը: Իրավիճակն էլ ավել զավեշտական է այն պատճառով, որ Նադեժդա Սավչենկոն վերջերս ընտրվել է ոչ միայն Ուկրաինայի խորհրդարանի, այլ նաեւ Եվրոպական վեհաժողովի պատգամավոր եւ սկզբունքորեն ունի անձեռնամխելիության իրավունք:

 

 

Փոխարենը, ՌԴ ներկայացուցիչները մերժել են եւրոպական կառույցներին Սավչենկոյին բանտում այցելելու խնդրանքը, այն բանից հետո, երբ ՌԴ զրկվեց քվեարկելու եւ խոսքի իրավունքից ԵԽԽՎ-ում հենց Ուկրաինայի զավթման պատճառով:

 


Մյուս կնոջ պատմությունը ոչ պակաս զավեշտական է' Սվետլանա Դավիդովան ռուս է, գավառական Վյատկա քաղաքի բնակչուհի է, ով զանգահարել էր Ուկրաինայի դեսպանատուն եւ զգուշացրել, որ ասեկոսներ է լսել, թե իր քաղաքաում տեղակայված ռուսական բանակի ստորաբաժանումները ուղարկվում են Ուկրաինա, ռազմաճակատ: Կնոջ այս քայլը բացատրվում է նրա հակապատերազմական քաղաքացիական դիրքորոշմամբ, սակայն նրա հեռախոսազանգը ձայնագրած ռուսական հատուկ ծառայությունները մեղադրում են Սվետլանային ոչ ավել ոչ պակաս քան "պետական դավաճանության ու պետական գաղտնիքը մատնելու" համար: Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ Դավիդովան ՅՈԹ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐ Է...

 

 

 

 

Տիգրան Խզմալյան