«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենարանը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դասավորվում, այն դառնում է քաղաքական ու մշակութային կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հալածում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսի կղզի, վերածննդի գրավական: Հայաստանի համար հենց այս վերջին դերն էլ խաղացել եւ խաղում է Ղարաբաղի լեռնային մարզը:

 


Բնությունն ինքն է նրան հաղորդել վիթխարի նշանակություն: Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք հանդիսանում են Կարսի ու Սևանի բարձրավանդակների շարունակությունը, հայ ժողովուրդն ավելի քան երկու հազար տարի դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային դեմքը:

Լեզվական, ազգագրական ու տնտեսական առումներով լինելով միասնական' Ղարաբաղը վերածվել է Հայաստանի միջնաբերդի, նրա արևելյան թևի: Այդպիսին է նա եղել նախկինում, այդպիսին է նա այժմ եւ այդպիսին կլինի նաև մշտապես, քանի որ անհնար է պաշտպանել Հայաստանի սիրտը' դաշտն Արարատյան, առանց տերը լինելու Ղարաբաղի․․․

 

 

 

Հին ժամանակներում Սյունիքի մելիքությունները, ինչպես որ նախկինում անվանվել է Ղարաբաղը, քանիցս սեփական ուժերով վռնդել են թշնամուն: Պատմությունը կրկնվում է և վերջին անգամ էլ դա տեղի ունեցավ մեր աչքերի առջև:

Պատմությունն ու բնությունը Ղարաբաղում ստեղծել են վառ արտահայտված մի տեսակ: Համայն աշխարհում ցրված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է ճանաչել հեշտությամբ. անձնուրաց քաջություն, խիզախության հակում, ինքնավստահություն, յուրօրինակ համառություն, ուղղամիտ հաստատակամություն, նահապետական բնավորություն - ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացումն են հին հայկական առաքինությունների՝ խամրած պատմության դաժանություններից եւ մաքուր տեսքով պահպանված Ղարաբաղում․․․

Հայաստանի ազգային հիշողությունը չպետք է մոռանա ղարաբաղցիների ոչ քիչ հնչեղ անուններ․․․ Չկա այնպիսի ոլորտ, ուր նրանք դրսևորած չլինեն իրենց տաղանդն ու նախաձեռնությունները: Նրանց աշխատանքային ասպարեզն է եղել քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առևտուրը․․․ Այդքան ազդեցիկ գործիչներ տված Ղարաբաղը ստեղծել, ավելի ճիշտ՝ մաքուր վիճակում պահպանել է նաև հին հայ կնոջ կերպարը․․․

 

 

 

Լենկթեմուրի ժամանակներից Ղարաբաղի մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի միջադեպը չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծն ըստ էության մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ արշավանքների օրերում․․․ Անկասկած է, եթե այն կորստյան մատնվեր, ապա ազգի ինքնորոշման գաղափարը մեծապես կտուժեր: Եւ ընդհակառակը, ունենալով Ղարաբաղը' Հայաստանը կստանա մշակութային ուժի հզոր ներհոսք։

 

 

Յուրաքանչյուր ժողովուրդ իրենն է փնտրում: Վերածնված ազգերի ապագան կախված է նրանից, թե արդյոք նրանք իրենց մեջ կգտնե՞ն իրենց ազգային մշակույթի բավականաչափ տարրեր: Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որոնց մեջ այս կամ այն պատճառով խտացվել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հայաստանի համար»:

1919 թվականի մարտի 23, "Кавказское слово"

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ