Ինչպես գիտենք աշնանը կառավարությունը ընդունեց օրինագիծ, ըստ որի ՓՄՁ-ներից գանձվող 3.5% շրջհարկը իջեցնել 1%-ի պարտադիր փաստաթղթաշրջանառության պայմաններում: Սույն օրենքը բողոքի ալիք բարձրացրեց որոշ տնտեսվարողների շրջանում: Վարչապետը ընդառաջ գնալով նրանց' փաստաթղթերի մասով հետաձգեց մինչև փետրվարի 1-ը, իսկ շրջհարկի տոկոսադրույքը իջեցրեց 1%:


Մոտենում է փետրվար ամիսը և տնտեսվարողները կրկին դուրս են եկել ցույցի տվյալ օրենքի դրույթները փոփոխելու պահանջով: Թե ինչքանով է ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը արդարացի, դա հարցի մյուս կողմն է: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ ևս նրանց խնդիրները լսելու համար վարչապետը առաջարկել է տնտեսվարողներին կազմել թիմ և բարձրանալ կառավարության շենք խորհրդակցության: Այս առաջարկը մերժվեց, և մի քանի հոգի պահանջեցին, որ վարչապետն անձամբ իջնի և խոսի իրենց հետ:


Բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է վարչապետը ընդառաջ գնացել ցուցարարների պահանջ-խնդրանքին և իջել նրանց հետ բանակցելու: Սակայն սա այն հարցը չէ, որ հնարավոր լինի լուծել դրսում, քանի որ այնտեղ ամեն մեկը մի բան է բղավում ու ոչ ոք ոչ ոքի չի լսում: Հարց է առաջանում, թե ինչու չեն ուզում բարձրանալ վերև, չէ որ միայն սեղանի շուրջ նստած կարելի է խոսել հնարավոր լուծումների ու փոփոխությունների մասին:


Անցյալ անգամ բարձրացած խմբի ու քննարկման շնորհիվ օրենքի փաստաթղթային մասը հետաձգվեց: Ինչն է հիմա փոխվել: Միգուցե կան մարդիկ ովքեր այնտեղ են ոչ թէ խնդրի լուծման, այլ ուղղակի խժդժուկ հրահրելու, տնտեսվարողների մեջ խռովություն արթնացնելու և հարցի խելամիտ լուծումը խաթարելու համար:

 

 

Հայկ Համբարձումյան