Հայի հոգին... Այն զգալու, այն կրելու համար ուրիշ մի էություն է պետք, հորդահոս աղբյուրի կողքի՛ն անգամ՝ մի կում ջրի ծարավ է պետք, ուտեստեղենից ճռնչացող սեղանի առջեւ՝ մի փշուր նշխարի կարոտություն: Այդ էությունը ծնվու՞մ է մարդու հետ, թե՞ գալիս է հետո՝ սրտի ու մտքի հասունությամբ, դժվար է ասել, բայց որ այն ներկա է այնտեղ, որտեղ կա նրբերանգներով տվայտող սիրտ եւ աշխարհի չարն ու բարին ընկալող, իր մաղով անցկացնող միտք, կա անհատականություն, ինտելեկտ՝ այդ երեւի դժվար չէ հաստատել: Կապ ունի արդյո՞ք անհատականությունը, ինտելեկտը կրթության հետ. եւ՛ ունի, եւ՛ չունի:
Ես ճանաչում եմ գիտնականների, որոնք ուղղագիծ են, ինչպես էլեկտրասյուն եւ, բացի «էլեկտրալարերը ընդունելուց ու հեռուն փոխանցելուց», այսինքն, բացի գիտական փաստ ու ֆորմուլից, ուրիշ ոչինչ չունեն իրենց խորքում՝ ո՛չ տառապանք, ո՛չ ներքին պայքար եւ ուրախություն, ո՛չ էլ խելոք են... Խելքը՝ դա ծառի արմատի պես բազմաճյուղ ու լայնածավալ առաջխաղացում է, թափանցում ու խորացում, անընդհատ սնվելու ու սնելու, հյութավորվելու ու հյութավորելու ունակություն:
Հայե՛ր, գիտե՞ք, որ