Իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերությունը մտադիր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացնել: Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նրանք քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:


Իսպանացիների հարուստ փորձը կօգնի արդիականացնել հայրենի գյուղատնտեսությունը, ավելացնել գյուղմթերքի արտադրման ծավալները:


Եվ եթե դա դիտարկենք արտահանումը խթանելուն ուղղված կառավարության աննախադեպ նախաձեռնության համատեքստում, որով առաջարկվում է տարեկան 50 միլիարդ դրամի ապրանք արտադրող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, ապա պետք է ենթադրել, որ արտասահմանյան ներդրողների համար բավականաչափ բարենպաստ միջավայր է ձևավորվում:


Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տալիս մուտք գործել 170 միլիոնանոց շուկա, մյուս կողմից՝ Եվրոպական երկրների և Ռուսաստանի կողմից միմյանց հանդեպ կիրառվող պատժամիջոցների պայմաններում մեղմել սեփական կորուստները:


Այնպես, որ արտասահմանյան, հատկապես եվրոպական ներդրողները ոչ թե «կորցնելու», այլ գտնելու շատ բան ունեն Հայաստանում: Իսկ պետությունը հրաժարվում է շահույթի մեծ մասից՝ ակնկալելով, որ փոխարենը կստեղծվեն նոր աշխատատեղեր և կխթանվի տնտեսական աճը:

 

 

Հայկ Համբարձումյան