Երեկ պարզ դարձավ, որ Ֆրանսիան Եվրատեսիլ 2015-ում կներկայացնի Լիզա Էնգելը՝ "N'oubliez pas" երգով: Ակնհայտ է, որ երգի վերնագիրը միանգամից հիշեցնում է Հայոց Ցեղասպանության կարգախոսներից մեկը՝ "Մի՛ մոռացեք" կամ "Never Forget".
Եվրատեսիլի պաշտոնական կայքը գրում է, որ երգն առաջին անգամ ներկայացվել է Նոյեմբեր ամսին՝ I-ին Համաշխարհային պատերազմին նվիրված համերգի ժամանակ, մինչդեռ կատարողը նշում է, որ երգը նվիրված է ոչ միայն հատուկ I-ին Համաշխարհային Պատերազմին, այլ նաև պատմության այս ժամանակահատվածում տեղի ունեցած ցանկացած կոնֆլիկտային իրադարձության․․․։
Համացանցում երգն արդեն իսկ ակտիվ քննարկման առիթ է դարձել, ոմանք առաջ են քաշում նաև այն վարկածը, որ երգը կապված է Ֆրանսիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ, սակայն երգչուհին հերքել է վերոհիշյալ վարկածը։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Լիզան բազմիցս ելույթ է ունեցել Շառլ Անզնավուրի հետ։
Ամբողջովին վստահ լինելու համար փորձենք թարգմանել և հասկանալ երգի բառերը,որոնք կարծես ամբողջովին պատկերում են տեսարաններ 1915թ-ից՝ "Երգ՝ մեր խնդրանքների, սիրտ, որը հույս է փայփայում ու դատարկությունը ոտքերի տակ,
Ինձ մնում են միայն արցունքներ ու հուշեր՝ եկած անցյալից,
Մեզ մնում է միայն մոխիր ՝մեր գյուղերի թաղված լռության մեջ,
Վիրավոր եմ, սիրտս անպաշտպան... Ինչպե՞ս ապրել սրանից հետո։ Բայց ես այստեղ եմ, ես չեմ մոռանում ջնջված պատմությունը իմ գյուղի, ես ապրում եմ այստեղ, մի մոռացեք ջնջված հիշողությունը․Ես հիշում եմ երեխաների ծիծաղը, տղամարդկանց ձայները , ովքեր գնում էին հանդերը, բերքահավաքի տոները, սիրո և ուրախության պոռթկումները։ Նրանք եկան թաքնված զենքերի ետևում...
Նրանք 1000ավոր էին ու ծիծաղում էին մեր արցունքների վրա։ Ուզում էին սպանել մեր հավատքն ու հոգին՝ ատելության խոսքերով , որոնք մենք չէինք հասկանում։
Ես այստեղ եմ այս երեկո, փլատակների ներքո, որ պատմեմ հիասթափությունս ու երգեմ կյանքի մասին"։...
Կասկած չկա, որ Ֆրանսիայի երգն ինչ-որ չափով նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, սակայն այն հստակ չի նշվում,այն հասկանալ է պետք, քանի որ Եվրատեսիլյան կանոններն արգելում են երգում ներառել քաղաքական ենթատեքստ կամ գովազդ․․․
Ժոր Մարտիրոսյան